Մարզեր

Սևան համայնքում ավարտական փուլում են գտնվում ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում ավարտական փուլում են գտնվում ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի  մի շարք բնակավայրերում ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, արդեն  վերջնագիծն են հատում Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ու հիմնանորոգման աշխատանքները:

 Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են, որի շրջանակներում իրականացվել է 4300 քառակուսի մետր  ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 58 միլիոն 950 հազար դրամ:

Չկալովկա բնակավայրում ասֆալտապատումը ներառել է 6551 քառակուսի մետր տարածք, որտեղ շինաշխատանքները ևս ավարտված են: Ծրագրի պայմանագրային արժեքը 101 միլիոն 324 հազար 535 դրամ է:

 Զովաբեր բնակավայրում ասֆալտապատման աշխատանքները ներառել է 3822 քառակուսի մետր  տարածք։ Ծրագրի  պայմանագրային արժեքը 65 միլիոն 506 հազար 395 դրամ է: Զովաբեր բնակավայրում ևս աշխատանքներն ավարտված են:

Նորաշեն բնակավայրում ասֆալտապատվել է 2649 քառակուսի մետր տարածք, պայմանագրային արժեքը 45 միլիոն 67 հազար 825 դրամ է: 

Ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ բնակավայրերում, ըստ անհրաժեշտության, իրականացվել են նաև ջրահավաք վաքերի տեղադրում:

Գագարին բնակավայրում ավարտական փուլում են գտնվում Պիոներներ և Երիտասարդական փողոցներում իրականացվող աշխատանքները, որն ընդգրկում է 4086 քառակուսի մետր տարածք: 

 Գագարին բնակավայրում իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 52 միլիոն 910 հազար 793 դրամ է:

Ճանապարհաշինական այս սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, որի 60 տոկոսը ներդրվում է համայնքի կողմից:

Աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում