«Երևանյան բեսթսելեր»․ «Կատուն» ՝ առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2024

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» առաջին տեղում է։  Պատկերացրեք դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք․․․Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով․․․Կկարողանա՞ Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ու՞ր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ․․․

Հայկ Աջապահյանի  «Կախարդական գրադարանը» երկրորդ տեղում է։ Անին և Դավիթը հավատում են, որ իրենց ամենահամարձակ երազանքն անգամ կարող է իրականանալ: Եվ մի օր, ահա, հրաշքը կատարվում է... Իրենց դպրոցի գրադարանում երեխաները հայտնաբերում են մի փոքրիկ դուռ, որի հետևում թաքնված գաղտնիքները մի նոր աշխարհ են բացում նրանց առջև՝ լի մոգությամբ, պատմությամբ և կլանիչ արկածներով: Իսկ դու պատրա՞ստ ես միանալ այդ անհավանական արկածներին... Դե գնացինք:

Երրորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին: 

Արփի Մաղաքյանի «Տիգրան Մեծի հեքիաթը» չորրորդ տեղում է։ Այս գրավիչ հեքիաթը պատմում է Տիգրան Մեծ թագավորի պատկերով հնագույն մետաղադրամի մասին, որն անսպասելի ճանապարհորդության է մեկնում Մեծ Հայքով մեկ։ Հեղինակը գունեղ և կենդանի կերպով նկարագրում է դրամի թափառումները` ընթերցողին տեղափոխելով դեպի հեռավոր ժամանակներ ու վայրեր։

Հեքիաթը ոչ միայն ծանոթացնում է ընթերցողին Տիգրան Մեծի ու հզոր Մեծ Հայքի պատմությանը, այլև ցույց է անցյալի ու ներկայի կապը, ինչպես նաև հայկական ինքնության և պատմության ժառանգը լինելու կարևորությունը։ Միաժամանակ, այն խորհրդածելու առիթ է տալիս ճակատագրի, մարդկանց ու իրերի մինչև եղած անտեսանելի կապի մասին։ Հեքիաթի վերջում դրամը վերադառնում է Հայաստան։ Այս ավարտը խորհրդանշում է տունդարձի գաղափարը։ Նաև հաստատում է այն ճշմարտությունը, որ հզոր Մեծ Հայքի և հաղթական Տիգրան Մեծի տունը Հայաստանն է։

Հինգերորդ տեղում է Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին»: Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ-ին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում:

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» վեցերորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով: 

«Փոքրիկ ջրահարսը» յոթերորդ տեղում է։ Հարմա՛ր տեղավորվեք. տեսեք, թե մեր սիրուն գիրքը ձեզ Արիելի մասին երկու ի՜նչ գրավիչ պատմություն է առաջարկում, դրանց հետ՝ գեղեցիկ ակնազարդ վզնոց: Չենք կասկածում. գրքույկը բոլոր փոքրիկ արքայադուստրերի գանձը կդառնա, որ կփայփայեք ողջ կյանքի ընթացքում:

Ութերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում: 

Ռոալդ Դալի «Մաթիլդա» գիրքն իններորդ տեղում է։ Հայրիկներն ու մայրիկները շատ տարօրինակ են: Նույնիսկ եթե նրանց երեխան ձեր պատկերացրած ամենաանպիտանի մեկն է, կարծում են, թե նրանից լավն աշխարհում չկա: Բայց մեկ- մեկ ճիշտ հակառակն էլ է պատահում: Ծնողներ կան, որ բոլորովին բանի տեղ չեն դնում իրենց երեխային: Տեր և տիկին Որդնտակները հենց դրանցից էին: Նրանք այնքան ապուշ էին ու այն աստիճան իրենց խղճուկ կյանքով տարված, որ իրենց դստեր մեջ ոչ մի արտառոց բան չէին տեսնում: Մինչդեռ Մաթիլդան իրոք արտառոց էր: Ամենից առավել՝ պայծառ միտք ուներ…

Վահե Ղուկասյանի «Գորգի աշխարհը» նկարազարդ հեքիաթը տասներորդ տեղում է: Հեռավոր 90-ականներին մի տղա, նայելով իրենց տան պատից կախված գորգի նախշերին, հանկարծ հայտնվում է գորգի մեջ: Նրա արկածները ոչ միայն դուր կգան երեխաներին, այլ հաստատ կսիրվեն նաև ծնողների կողմից, որոնք մանուկ ժամանակ, գուցե, նույնպես սիրում էին նստել գորգի տակ ու նայել նախշերին:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

Տեղ․Փոփ․Գիրք Հրատ․Քանակ
10Սոսուկե Նացուկավա, «Կատուն, որ փրկեց գրքերը» Դավինչի132
2նորՀայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը»Դավինչի66
30Դերենիկ Դեմիրճյան, «Պույ-Պույ Մուկիկը»Բուկինիստ58
4*Արփի Մաղաքյան, «Տիգրան Մեծի հեքիաթը»հեղ․ հրատ47
5*Աստրիդ Լինդգրեն, «Երկարագուլպա Պիպին» Զանգակ45
6-2Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»Բուկինիստ44
7նոր«Փոքրիկ ջրահարսը» Անտարես39
8*Ռոալդ Դալ, «Չարլին և շոկոլադի գործարանը» Անտարես39
9*Ռոալդ Դալ, «Մաթիլդա»Անտարես34
10նոր Վահե Ղուկասյան, «Գորգի աշխարհը»Դավինչի 34
Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև