Աշխարհ

Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. գնորդը պատրաստվում է ուտել այն

3 րոպեի ընթերցում

Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. գնորդը պատրաստվում է ուտել այն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Կատակերգու» խորագրով գործը, որն իրենից ներկայացնում է կպչուն ժապավենով պատին փակցված թարմ բանան, ևս մեկ անգամ գերել է շատերին՝ Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տանը վաճառվելով 6,2 միլիոն դոլարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sotheby’s-ը X սոցիալական հարթակում։

Պատին փակցված բանանը գնել է ծագումով չինացի կրիպտո միլիոնատեր Ջասթին Սունը։

France24-ը հիշեցնում է, որ «Կատակերգու»-ի դեբյուտը կայացել է Մայամի Բիչում 2019 թվականին․ այն լուրջ հակասություններ էր առաջացրել և հարցեր բարձրացրել՝ արդյոք դա պետք է համարվի արվեստի գործ։ 5 տարի առաջ արծաթագույն կպչուն ժապավենով պատին փակցված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով։

«Սա պարզապես արվեստի գործ չէ, այն ներկայացնում է մշակութային երևույթ, որը կամրջում է արվեստի աշխարհները, մեմերը և կրիպտոարժույթների հանրությունը։ Կարծում եմ, որ այս ստեղծագործությունն ապագայում ավելի շատ մտքեր ու քննարկումներ կներշնչի և կդառնա պատմության մի մասը», - ասել է Սունը:

Կատելանի աշխատանքը կարող էր հասնել 7 հավանական գնորդի։ Աճուրդի տունը գերազանցել է բոլոր սպասելիքները, քանի որ ակնկալվում էր, որ «Կատակերգու»-ն կվաճառվի 1-1,5 միլիոն դոլարով։

Ջասթին Սունին տրվելու է գնման վկայագիր, որ աշխատանքը ստեղծվել է Մաուրիցիո Կատելանի կողմից։ Բացի այդ, նա կստանա ցուցումներ՝ ինչպես փոխարինել միրգը, երբ այն փչանա։

Սունը հայտնել է, որ մտադիր է ուտել բանանը։

«Առաջիկա օրերին ես անձամբ կուտեմ բանանը՝ որպես եզակի գեղարվեստական փորձառության մաս՝ հարգելով դրա տեղը թե՛ արվեստի պատմության, թե՛ ժողովրդական մշակույթի մեջ», - ասել է նա։ 

Ըստ The New York Times-ի՝ նոյեմբերի 20-ին 6,2 միլիոն դոլարով վաճառված բանանը գնվել է 35 ցենտով բանգլադեշցի մրգավաճառից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում