Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև համագործակցության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ը։

«Այս տարվա նոյեմբերի 18-ին 79-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ»,- հաղորդվում է ՀԱՊԿ-ի կայքում։

Նշվում է, որ Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է այսուհետ էլ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի համաժողովների շրջանակներում։

«Փաստաթղթում ընդգծված է, որ ՀԱՊԿ-ն զգալի գործնական ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության և կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարի, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, չկարգավորված միգրացիայի և մարդավաճառության դեմ պայքարի և բնական ու տեխնածին աղետների հետևանքների վերացման բնագավառում, ինչը նպաստում է ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների իրականացմանը», - ընդգծել են հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ-ում նաև նշել են, որ կազմակերպությունները կշարունակեն փոխգործակցությունը՝ ի շահ ՄԱԿ-ի գլոբալ հակաահաբեկչական  ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման։

«Երկու կազմակերպությունները նաև կուսումնասիրեն խաղաղության պահպանման բնագավառում համագործակցության հետագա խորացման հնարավոր ուղիները», - նշված է ՀԱՊԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում