Դավիթ Սաֆարյանը Մատենադարանում հետահայաց ցուցադրություններից հետո վերսկսում է աշխատանքը վաղուց սպասված ֆիլմի վրա

15 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի ֆիլմերը բազմաժանր են, հետաքրքիր ու ինքնատիպ։ Նրա կինոնկարներն անդրադառնում են անհատին, խոսում տարբեր խնդիրների մասին, շոշափում հարցեր, որոնք ժամանակ ու տարածություն չեն ճանաչում։ 

Ռեժիսորը, որի կինոնկարները մի շարք միջազգային մրցանակների են արժանացել, պատրաստվում է նկարահանել երկար սպասված «Հեքիաթ Սարյան» ֆիլմը՝ նվիրված մեծ նկարչին։ Նրա խոսքով՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի, Սինեմատեկ ֆրանսեզի, Նիդեռլանդների կինոթանգարանի հավաքածուներից իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, որոնք նոյեմբերի 6, 7-ին, 13-ին և 14-ին կազմակերպվել էին Մատենադարանում, լավ առիթ են տարիների ընթացքում կատարած աշխատանքն ամփոփելու, այն վերարժևորելու և նոր ֆիլմեր նկարահանելու համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանն ընդգծեց՝ իր նախորդ կինոնկարները՝ թե՛ լիամետրաժ, թե՛ կարճամետրաժ, ասես մի մեծ նախապատրաստական շրջան էին «Հեքիաթ Սարյան» ֆիլմի համար։

Նիդեռլանդների կինոթանգարանը Սաֆարյանի տասնմեկ ֆիլմը ձեռք բերելուց հետո դիմել է պաշտոնական նամակով՝ ցանկություն հայտնելով ունենալ նրա ֆիլմերի ամբողջական հավաքածուն։ Դա աննախադեպ երևույթ է և մեծագույն պատիվ թե՛ ռեժիսորի, թե՛ ընդհանուր առմամբ հայ կինոյի համար։ 

Նոյեմբերի 6-ին Մատենադարանում «Կորսված չէ՛» խորագրով ցուցադվեցին Սաֆարյանի «Անտառ» և «Կորսված դրախտ» ֆիլմերը։  

Ցուցադրությունների շարքի բացմանը Սաֆարյանին ներկայացրեց կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Նա մասնավորապես ասաց, որ ուրախ է դահլիճում երիտասարդներ տեսնել։  «Կորսված դրախտ»-ը, որը հենց Մուրադյանն է  երեսուն տարի առաջ ներկայացրել կինոյի երկրպագուներին, շատերի համար պրեմիերա էր, քանի որ շատերը, և առաջին հերթին երիտասարդները, որոնց մեջ կային և նրանք, ովքեր արդեն իրենց առաջին հաջողություններն են գրանցել, չէին դիտել ֆիլմը։

Ըստ Մուրադյանի՝ կինոնկարը չի փոխվում, փոխվում են ընկալումները։ 

Մ․ Սարյան, Գիշերային բնանկար․ Եգիպտոս, 1911 (3.SARIAN)

Դ․ Սաֆարյան, «Գիշեր․ Եգիպտոս», նկարահանման կետի որոնում, 2024 (4.Sketch_1)

Սաֆարյանն անակնկալի եկավ, երբ Մուրադյանն իրեն ներկայացրեց ոչ միայն որպես անվանի ռեժիսորի, այլև որպես ուժեղ նկարչի։ Սաֆարյանը համոզված է եղել՝ այդ փաստը շատ քչերին է հայտնի. նրա բոլոր ցուցահանդեսները կազմակերպվել են արտերկրում։ «Հաստատվեցի այն որոշման մեջ, որ դահլիճի նախասրահում կցուցադրեմ նաև իմ նկարներից մի քանիսը»,-ասաց Սաֆարյանն ու հավելեց՝ ցուցադրման ընթացքում նկատել է, թե ժողովուրդն ինչպես է շնչում ֆիլմի հետ։  

«Երեսուն տարի է անցել, և ես «Կորսված դրախտ»-ը դիտում եմ՝ ինչպես կդիտեի մեկ ուրիշի գործը։ Այո, այն չի հնացել, այլ նոր հնչեղություն է ձեռք բերել։ Մտածում ես՝ 1990-ականներին, 1980-ականների վերջին, որտեղի՞ց են այս մարդիկ (հեղինակները) իմացել, թե ինչ է լինելու 2020, 2022, 2023, 2024 թվականներին։ Չեմ կարող ասել, որ այս միջոցառումների շարքը հաշվետվություն է, բայց դրա նման մի բան է։ Մի փուլ եմ անցել, որը բավականին երկար է։ Շեշտում եմ՝ իմ ֆիլմերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, մեր տոկունության մասին են։ Բայց և… «28։94 տեղական ժամանակ»-ը սիրո մասին է, տղամարդու և կնոջ սիրո մասին, սիրո՝ աներևակայելի ծանր, աննորմալ պայմաններում։ Բելգիայում կինոթատրոններում ֆիլմի ցուցադրությունները սկսելու առիթով անվանի կինոքննադատ Ֆրեդի Սարտորը, «Ֆիլմմագի» (Ֆիլմի մոգականությունը) ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիրն ասաց, որ զարմանալի է, նույնիսկ տարօրինակ, և նա չի հիշում մի այլ օրինակ, երբ մեծ սիրո մասին ֆիլմում ոչ միայն անկողնային որևէ տեսարան չլինի, այլև՝ նույնիսկ համբույրի դրվագ, իսկ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը  (այդպես է կոչվում կինոթատրոններում ցուցադրման համար տարբերակը) իր համար առաջին հերթին հենց մեծ սիրո մասին է, որն օգնում է մարդկանց գոյատևել անմարդկային պայմաններում։ Նրա ամենամյա, Բելգիայում ցուցադրվող 10 լավագույն ֆիլմերի ցուցակում ընդգրկված է «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը։ Ինձ ուրախացնում են նման փաստերն ու մեկնաբանությունները, բայց…»,-պատմեց ռեժիսորը։

Դ․ Սաֆարյան, «Գիշերը բոստանում», դրվագի էսքիզ, 2020 (5.Sketch_2)

Սաֆարյանի գրեթե բոլոր ֆիլմերը նկարահանվել են Հայաստանում, սակայն նրան չի ուրախացնում այն փաստը, որ իր ֆիլմերը այլ երկրներում ավելի շատ են դիտել։ Դա ակնհայտ դարձավ Մատենադարանի ցուցադրությունների ընթացքում։ Հանդիսատեսի շրջանակում քիչ չէին մարդիկ, որ խոստովանեցին՝ չէին պատկերացնում, որ նման կինոնկարներ կան, այդքան բարձր գեղագիտական որակի, այդքան արդիական։ 

Նա խոստովանեց՝ «28։94 տեղական ժամանակ» ֆիլմը նկարահանելիս դաժան է գտնվել դերասանների հանդեպ։ «Նրանց բոլորի անձնական փորձն է իննսունականների հակասական, դժվարին տարիները, և ես ստիպել եմ նրանց նորից վերապրել այդ ամենը, սակայն դա էր այդ օրերի տարեգրությունը ստեղծելու, այդ տարիները վերաիմաստավորելու ճանապարհը։ Իսկ այդ ամենը մեզ պետք է։ Սարյանի մասին ֆիլմը ևս մեր տոկունության մասին է լինելու»,-շեշտեց ռեժիսորը։ 

Դավիթ Սաֆարյանը «Հեքիաթ Սարյան»-ը եռապատման մի մասն է համարում՝ «Կորսված դրախտ»-ի և «28։94 տեղական ժամանակ»-ի հետ միասին, հենց մեր տոկունության թեմայի ընդհանրությամբ միավորված։ «Սարյանը բազմաթիվ դժվարությունների միջով է անցել։ Ողբերգական, սև, ծանր օրեր է տեսել, բայց այդ ծանրությունը մեզ վրա երբեք չի բարդել. մեզ միայն լույս, գույն, հեքիաթ է նվիրել»,-նշեց նա և խոստովանեց՝ ասում են՝ Դավիթը երկար է նկարում։ 

Նա վստահեցրեց՝ այդպես չէ, պարզապես չի նկարում, քանի դեռ չի ստացել ուզածը։ Սաֆարյանի կարծիքով՝ մեր պայմաններում այն, ինչի համար մի այլ դեպքում կպահանջվեր մեկ օր, պահանջվում է մեկ շաբաթ, մեկ շաբաթվա գործն ընդհատումներով ձգձգվում է երբեմն տարիներ։ 

«Մի անգամ ասել եմ, որ երբեք «չեմ կանգնել «28։94 տեղական ժամանակ» ֆիլմի շնչին». այն 2 ժամ 11 րոպե է տևում։ Իմ ֆիլմերից մեկը 33 րոպե է, մյուսը՝ տասնմեկ, իննը և այլն։ «28։94 տեղական ժամանակ»-ն ավարտելուց հետո ֆիլմի փաստաթղթերը ստուգելիս հայտնաբերեցի, որ ընդամենը  48 նկարահանման օր եմ ունեցել։ Նույնիսկ համաձայն արևմտյան խիստ չափանիշների՝ 2 ժամ 11 րոպե տևողությամբ ֆիլմի համար սա կարելի է սեղմ ժամկետ համարել։ Ուրիշ բան, որ այդ 48 օրը հնարավոր է դարձել իրականացնել ավելի քան տասը տարվա ընթացքում։ Սա ես խոսում եմ միայն նկարահանման շրջանի մասին։ Համակարգ է հարկավոր, որպեսզի այդպես չլինի կամ, եկեք իրերը իրենց անուններով կոչենք,  անորակ ֆիլմեր կնկարենք»,-ասաց Դավիթ Սաֆարյանը։

Նոյեմբերի 7-ին Մատենադարանում «Ի հեճուկս» խորագրով ցուցադրվեցին ռեժիսորի «Կոչում», «Կրա՛կ», «Ջերմության կարոտ», «Չեմպիոն», «Օրոր», «Որքան էլ տարօրինակ է՝ Խոխլովայի մասին», «Տեսանելին անտեսանելի, անտեսանելին տեսանելի» կարճամետրաժ ֆիլմերը։ Դահլիճը բուռն էր արձագանքում յուրաքանչյուր ֆիլմի։ Դրանց մեջ կային խաղարկային և վավերագրական կինոնկարներ, որոնք հուզիչ էին, գեղեցիկ էին, հայաշունչ էին։ Վերջում տեղի ունեցավ մի բան, որը կինոդիտումների դեպքում չի պատահում. ծափահարություններին արձագանքելով՝ Սաֆարյանը ծրագրից դուրս ցուցադրեց «Սպասում» չորս րոպեանոց ֆիլմը։ 

Նոյեմբերի 14-ին էլ Դավիթ Սաֆարյանը «Հեքիաթ» խորագրով հանդիպմանը ներկայացրեց «Հեքիաթ Սարյան» ֆիլմի նախագիծն ու մինչ օրս կատարված աշխատանքները։ Դա հնարավորություն տվեց պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնելու այս «անսպասելի» անդրադարձն ականավոր նկարչի կյանքին ու գործունեությանը։

Սաֆարյանը 2019-ին «Հեքիաթ Սարյան» ֆիլմը նկարահանելու պետական աջակցություն է ստացել և՛ զարգացման, և՛ արտադրության համար։ «Գումարը փոքր էր, բայց շատ կարևոր, քանի որ նաև կարգավիճակ էր։ Նախարարությունների մակարդակով բանակցություններ էին վարվում Ռուսաստանի հետ։ Սարյանը ծնվել է Ռուսաստանում, այնտեղ կրթություն ստացել, ճանաչում ձեռք բերել, հետո դարձել մեր լեգենդը։ ՌԴ-ի մասնակցությունը նկատելի գումար էր ապահովում ֆիլմի ստեղծման համար, սակայն…»,-նշեց նա։

2020-ի հունվարին ռեժիսորը Բեռլինի կինոշուկայում Իտալիայից գործընկեր է գտել, որը նշել է՝ Ռուսաստանից գումարի չափը վերջնական ճշտելուց հետո իտալական կողմի ֆինանսական մասնակցության հարցը կարելի կլինի լուծված համարել։ Առ այսօր իտալական կողմը զգալի աշխատանք է կատարել, բայց ներկայիս պայմաններում արևմտաեվրոպական երկրների մասնակցությունն ուղղակիորեն բացառում է Ռուսաստանի մասնակցությունը։ Սաֆարյանի խոսքով՝ դա խոչընդոտ կհանդիսանա նաև պատրաստի ֆիլմի տարածման գործում, իսկ նրա նպատակներից մեկը Սարյանի անունն աշխարհին ավելի հայտնի դարձնելն է։ 

«Մեծ նկարիչն ըստ արժանավույն գնահատված և ճանաչված չէ։ Ֆիլմը սպասված է առաջնակարգ կինոփառատոններում, ներկայացվելու է միջազգային կարևոր կինոհարթակներում, և ես չեմ կարող այդ ամենից ի սկզբանե հրաժարվել։ Շտապել է հարկավոր. մոտենում է Սարյանի 150-ամյակը։ Եթե գալիք տարում կարողանանք սկսել նկարահանումները, ապա 2025-ի վերջում, ավելի իրատեսական է՝ 2026-ին, կկարողանանք նկարահանել կարևոր ձմեռային տեսարանները, իսկ ֆիլմում առկա են տարվա բոլոր եղանակները, և դրանից հրաժարվելը կնշանակի աղքատեցնել Սարյանին հատուկ ներկապնակը, այսինքն՝ կնշանակի գնալ գեղագիտական հանցագործության նկարչի մասին ֆիլմ անելիս։ Դուք այդ քայլին կգնայի՞ք։ Չեմ կարծում։ Ես հաստատ չե՛մ գնա։ Այսինքն՝ 2028-ին ֆիլմն ավարտելն է արդեն խնդրահարույց դառնում։ Ավելի ուշ ավարտելու դեպքում էլ մինչև 2030-ի փետրվարը՝ Սարյանի 150-ամյակը, կինոնկարին լիակատար փառատոնային կյանք ապահովելու ժամանակ չի մնում։ Դա կնշանակի նաև, որ մինչ հոբելյանը Սարյանի անունն ավելի ու ավելի հաճախ լսելի, միջազգայնորեն ավելի հանրահայտ դարձնելու քիչ ժամանակ կմնա»,-շեշտեց Սաֆարյանը։

2020-ին ֆիլմի նկարահանումները սկսելուն խոչընդոտել են նախ համավարակը, հետո պատերազմները։ Ռեժիսորը մտածում է՝ այժմ էլ հրաշք պիտի լինի, որ գոնե գալիք տարվա մեջ սկսեն նկարահանումները։ «Հո երկնքից գումար չի՞ ընկնելու։ Հրաշքի պետք է սպասենք, կամ ազգային միասնական մտածողություն ձեռք բերելու ճանապարհին հասկանանք, որ բաներ կան, որ մենք, միայն մենք կարող ենք և պետք է անենք։ Մենք և միայն մենք պիտի պետական և ոչ միայն պետական միջոցներ հայթայթենք մեր մեծերին մեծարելու համար։ Չսպասենք և չուրախանանք, որ օտարազգին Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ է նկարում։ Թող նկարի, բայց երբեք մեզ նման, մեր պես մեր մեծին չի զգա ու չի հասկանա։ Իհարկե պետք է ներգրավենք արտասահմանյան գործընկերներին, նրանք էլ դիմեն համապատասխան հիմնադրամներին։ Այո՛, պետք է, օրինակ, Գերմանիայից կամ Ֆրանսիայից համարտադրող գտնեմ։ Դա էլ է ժամանակ պահանջելու։ Այդ գործընթացն արագացվում է միայն մի եղանակով՝ երբ կան հիմնական միջոցները, երբ ֆիլմի արտադրությունը կասկած չի հարուցում, գործընկերները և հիմնադրամները, կարելի է ասել, իրենք են իրենց առաջարկում և սկսում արդեն իսկ զբաղվել ապագա ֆիլմի տարածման գործով: Հակառակ դեպքում արդյոք իրավունք ունե՞նք մտածելու, որ օտարերկրացուն Սարյանի անվան հետ կապված ֆիլմը նույնքան հարկավոր է, որքան մեզ։ Ասածս նմանվեց ընդհանուր դասախոսության ներածականի։ Վերադառնանք մեր իրողությանը։ Միայն Իտալիայի ու Հայաստանի մասնակցությամբ, նկատի ունեմ մեր պետական և Իտալիայի հիմնադրամի ֆինանսական բաղադրիչը, հնարավոր չի լինի Սարյանի մասին ֆիլմը կյանքի կոչել»,-ընդգծեց ռեժիսորը։

Սաֆարյանը ստիպված է գրեթե ամեն ինչ սկսել զրոյից։ Ֆիլմի համար 200-ից ավելի զգեստների էսքիզներն են պատրաստ, ինչը կարևորագույն կետերից է ազգագրական, ժամանակաշրջանի, գործող անձանց բնավորությունները շեշտելու տեսանկյունից։ Այդ ամենը երկարատև հետազոտութուն, առարկայի խորը իմացություն և մանրակրկիտ մոտեցում են պահանջել։ Աշխատանքը կատարել է ֆիլմի զգեստների նկարիչ Նունե Աղբալյանը։ Էսքիզներից մի քանիսը ներկայացված են Մատենադարանի դահլիճի նախասրահում։ 

«Համարյա բոլոր ֆիլմերս սկսելուց առաջ այդ ֆիլմի հետ կապված երազ եմ տեսնում։ Երազումս Սարյանի մոտ նկարչության դասի էի։ Մենակ ես էի։ Նա ասաց, որ վրձինը վերցնեմ, ես էլ փորձեցի այնպես բռնել, որ սխալ չլինի, հիշեցի, թե հայրս ինչպես էր բռնում վրձինն ու նրա պես այն բռնեցի։ Սարյանն ասաց՝  ապրե՛ս, ճիշտ ես բռնում։ Արթնացա։ Երևի հասել եմ այն կետին, որ էլ հետաձգելու տեղ չկա։ Պետք է սկսել, պահը հասունացել է»,-վստահեցրեց Դավիթ Սաֆարյանը։

Ցուցադրությունների մեկնարկին Դավիթ Մուրադյանը շեշտեց՝ Դավիթ Սաֆարյանի ֆիլմերն էսթետիկական նշաձող են։ 

Մատենադարանում Սաֆարյանի ֆիլմերի ցուցադրությունները ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ամստերդամի Eye կինոթանգարանը։ 

Հայերեն