ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահի բացմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մշակութային որոտի գերատեսչությունից հայտնում են, որ նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, ծանոթացել ցուցանմուշներին:

Ողջունելով ներկաներին` Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հրաշալի միջավայրի ձևավորման համար. 

«Այս տարին թանգարանների համար շատ կարևոր էր, քանի որ վերջապես ունեցանք «Թանգարանների մասին» օրենքը, որով մի շարք կարևոր հարցեր լուծելու հնարավորություն ենք ստանում, և արդեն այսօր, երբ իրականացվում են օրենքից բխող ենթաօրենսդրական մշակումները, պարզ է դառնում, որ թանգարանների զարգացման համար դրվել են ինստիտուցիոնալ հիմքեր: Ոլորտի քաղաքականությամբ՝ պետք է օգնենք զարգանալու և նոր ծրագրեր ու հեռանկարներ բացելու»:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ տարին կարևոր էր նաև նրանով, որ ՀՀ կառավարությունը 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնեց թանգարանների հավաքածուների համալրման բյուջեն. 

«Սա նշանակում է, որ մեր թանգարանները ստացել են հնարավորություն տալու իրենց առաջարկները, և այն արժեքավոր նմուշները, որոնցով պետք է համալրվեն թանգարանների հավաքածուները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ կարող են պետության աջակցությամբ ձեռքբերվել: Կարծում եմ՝ սա մեր թանգարանների համար նմուշները պարբերաբար թարմացնելու լավ հնարավորություն է: Թանգարանն այն վայրն է, որտեղ, բացի նմուշներ տեսնելուց, պետք է զգալ ամենակենդանի միջավայրը: Այս թանգարանը դրա լավագույն վկայությունն է, որտեղ զգում ես շունչը, տրամադրությունն ու շարժումը, լսում ես ձայները»:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանը, որը պետք է նպաստի թանգարանների մարքետինգային քաղաքականության և վարչատնտեսական կառավարման բարելավմանը: Նախարարին ներկայացվել է՝ Ալեքսանդր Սպենդիարյանը սիրել է հյուրերի համար անակնկալ նվագել, և թանգարանն էլ ավանդույթ ունի տարվա մեջ բացառիկ դեպքերում հնչեցնելու նրա դաշնամուրը: Այդ առիթներից մեկը պատանի սպենդիարյանականների երդման արարողությունն է, երբ Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոց ընդունված ավելի քան 150 առաջին դասարանցիներն առաջին քայլը սկսում են հենց կոմպոզիտորի տուն-թանգարանից, և այդ առիթով երեխաներից մեկին հնարավորություն է տրվում նվագելու այդ գործիքով։

Ցուցադրությունը համալրվել է Ա. Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը: Ինտերակտիվ նոր ձևաչափով ներկայացված է կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմական պատմությունը: Արդիականացված և գրավիչ լուծումներով ցուցադրանքը մեկտեղել է տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերը և հնարավորություն տվել նորերի ստեղծմանը:

 

Հայերեն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունգարիայի դեսպանին

«Ոսկե Կաթ»-ը վտանգավոր սննդամթերք է արտադրում․ պանրի արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

Պաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին

Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին

Բուլղարիայում առաջարկել են արգելել 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը․ BTA

Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն. ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո

Էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտ»-ում քննարկումներ կանցկացնի գործարանի աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցով

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել կենդանաբանական այգու աշխատակիցը

Տիգրան Մկրտչյանն ու Հարիս Թեոխարիսը քննարկել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը