Մարզեր

Մադինայում կառուցվել են ոռոգման և խմելու ջրատար ցանցեր

2 րոպեի ընթերցում

Մադինայում կառուցվել են ոռոգման և խմելու ջրատար ցանցեր

ԳԱՎԱՌ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել են խմելու և ոռոգման ջրատար ցանցեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մադինայի խմելու ջրատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 26 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատար բաշխիչ ցանցի կառուցում Մադինայի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ,  9-րդ փողոցներում՝ 3045 մետր ընդհանուր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով, 135 տնտեսության համար տնային միացումներով, փականային հորերի տեղադրմամբ։ 

Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են սեպտեմբերին, արդեն իրականացվել են շուրջ 95 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ 

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Լեյվլ» ՍՊԸ-ն։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Մադինայի 135 տնտեսություն կունենա շուրջօրյա ու մաքուր խմելու ջուր։ 

Մադինայի ոռոգման ջրատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 115 միլիոն 736 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված էր Մադինայի 1-ին և 10-րդ փողոցներում ոռոգման ջրատար ներքին ցանցի կառուցում մետաղական կիսախողովակներով՝ 2340 մետր ընդհանուր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Ավետիսյան Շինմոնտաժ» ընկերությունը, արդեն ավարտվել են։ 

Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվանից Մադինայի շուրջ 80 տնտեսության  ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին և անկորուստ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում