ԳԱՎԱՌ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ Գավառ համայնքին շնորհվել է շնորհակալագիր՝ սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շնորհակալագիրը համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին հանձնել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականին Գավառ համայնքի սեփական եկամուտները հավաքագրվել են 105,5 տոկոսով, իսկ 2024 թվականի 10 ամսվա կտրվածքով՝ շուրջ 87,5 տոկոսով։ «Կան բոլոր նախադրյալները՝ մինչև տարվա ավարտ տեղական բյուջեի սեփական եկամուտներն ամբողջությամբ հավաքագրելու, նախորդ տարվա բարձր արդյունքները պահպանելու համար, ինչը մեզ հնարավորություն կտա սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության բազմաթիվ նոր ծրագրեր կյանքի կոչելու մեր համայնքի բնակավայրերում»,-հավաստեց Տիգրան Բրսիկյանը։