Քաղաքականություն

Ռուբինյանը հակադարձեց ընդդիմության պնդումներին, թե ՀՀ իշխանությունները չեն բարձրացնում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հարցը

3 րոպեի ընթերցում

Ռուբինյանը հակադարձեց ընդդիմության պնդումներին, թե ՀՀ իշխանությունները չեն բարձրացնում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների այն պնդումներին, թե Հայաստանի իշխանությունները չեն բարձրաձայնում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այդ մասին խոսեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ԱԺ-ում կայացած քննարկման ժամանակ, որը նախաձեռնել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունները։ 

Ռուբինյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Արթուր Խաչատրյանի այն հայտարարություններին, թե ՀՀ իշխանությունները չեն բարձրացնում Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հարցը, շեշտեց, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը մշտապես շատ հստակ է եղել։ 

«Պարոն Ռուստամյանն ասում է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ գերիների առումով։ Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցիչները իրենց բոլոր հայտարարություններում, իրենց բոլոր գործողություններում նշում են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը։ Պարոն Ռուստամյան, ի՞նչն այստեղ հստակ չէ։ 

Պարոն Խաչատրյանն ասում է, որ իշխանությունը լուռ է։ Պարոն Ռուստամյան, երբ ԵԽԽՎ-ում Հռոմում էինք, ռազմագերիների վերադարձի մասին կետ ընդգրկվեց իմ լռության արդյունքո՞ւմ, թե՞ իմ չլռության արդյունքում»,- նշեց Ռուբինյանը։

Ռուբինյանը հավելեց, որ 2020 թվականից ի վեր տարբեր փուլերով հարյուրավոր գերիներ են վերադարձել Հայաստան։

«Այդ փուլերից առաջ Ազգային ժողովը հայտարարություն է՞ր ընդունում, որ վերադառնում էին։ Ընդդիմությունը իմ տպավորությամբ անում է հետևյալը․ եկել եք, որոշել եք կապիտալիզացնել գերիների առկայության հարցը քաղաքական նպատակներով, ուրիշ թեմա չի մնացել։

Իսկ իրականում հայ ռազմագերիները և այլ պահվող անձանց վերադարձը կախված է ոչ այս նիստից կամ ընդունվող հայտարարությունից, այլ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից կառավարության մակարդակով, Ազգային ժողովի մակարդակով»,- ընդգծեց Ռուբինյանը։ 

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն Ադրբեջանում պահով հայ գերիների թեմայով քննարկում էին հրավիրել խորհրդարանում՝ ներկայացնելով նաև ԱԺ հայտարարության նախագիծ։ Հայտարարության նախագիծը քվեարկության դրվեց, իշխանությունը քվեարկությանը չմասնակցեց։ Նախագիծը ստացավ 30 կողմ ձայն, ինչը բավարար չէր, որպեսզի հայտարարությունն ընդունված համարվեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում