Մարզեր

Գեղհովիտի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումն ավարտվել է

1 րոպեի ընթերցում

Գեղհովիտի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումն ավարտվել է

ԳԱՎԱՌ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է 3050 մետր ընդհանուր երկարության ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի ոռոգման ջրատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 187 միլիոն 244 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Գեղհովիտ գյուղում ու Լեռնակերտ բնակավայրում 3050 գծամետր ընդհանուր երկարության ոռոգման ջրատար ցանցի կառուցում մետաղական ու երկաթբետոնյա խողովակներով ու կիսախողովակներով։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսին և արդեն ավարտվել են։ Գեղհովիտ գյուղում կառուցվել է 2837 մետր երկարության ջրատար՝ 10 տարբեր ուղղություններով ու սնուցող 2 ջրատարով, իսկ 113 մետր ջրատար կառուցվել է Լեռնակերտ բնակավայրում։ 

Ծրագրի իրականացման արդյունքում եկող տարվանից Գեղհովիտի ու Լեռնակերտի շուրջ 600 տնտեսության ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում