Երևան

Նոր ավտոբուսներն արդեն Հայաստանում են, գնման գործընթացն ամբողջությամբ իրականացված է

2 րոպեի ընթերցում

Նոր ավտոբուսներն արդեն Հայաստանում են, գնման գործընթացն ամբողջությամբ իրականացված է

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր 171 ավտոբուս արդեն Հայաստանում է. գնման գործընթացն ամբողջությամբ իրականացված է, հանձնման-ընդունման աշխատանքները նույնպես ավարտվել են: Ներկայումս իրականացվում են մաքսազերծման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը՝ նշելով, որ այս շաբաթ կսկսվեն նաև 14 տրոլեյբուսի հանձնման-ընդունման և մաքսազերծման աշխատանքները, միաժամանակ մշակվում են նաև երթուղիները: 

Նա ասաց, որ առաջիկայում կներկայացվեն նոր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիները, որտեղ պլանավորվում է շահագործել նոր շարժակազմերը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց միասնական տոմսային համակարգի միջանկյալ անցման ընթացքում երևանցիների ըմբռնման համար և ընդգծեց, որ քաղաքապետարանը շարունակում է արդիականացնել հանրային տրանսպորտը և տրանսպորտային միջոցները:

Նա նշեց, որ բոլորը պետք է գիտակցեն միասնական տոմսային համակարգի կարևորությունը, քանի որ «Երևանի ավտոբուս»-ը միայն այս տարի 8,5 մլրդ դրամ դեֆիցիտ է ունեցել՝ պայմանավորված նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով և այս տեխնիկայի սպասարկման խնդիրներով, որը մոտավորապես միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից կազմում է Երևան քաղաքի եկամուտների մոտավորապես 15 տոկոսը: 

«Երևան քաղաքն ահռելի չափով սուբսիդավորում է հանրային տրանսպորտը, և այս 171 ավտոբուսները, որոնք ավելանում են գծերում, նույնպես էականորեն ծախսն ավելացնելու են:

Այդ առումով շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցումը: Միասնական տոմսային համակարգն ուղղակի մեր քմահաճույքը չէ, սա հանրային տրանսպորտի որակի պահպանման և հետագա բարելավման միակ բանաձևն է,- ասաց Ավինյանը:

Նա հավելեց՝ ավագանու առաջիկա նիստում քննարկելու են տրանսպորտից օգտվելու արտոնությունների փաթեթն այն մարդկանց  համար, որոնք իրապես այդ արտոնությունների կարիքն ունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում