Պուտինը գովել է Թրամփի խիզախությունը և երկխոսության պատրաստակամություն հայտնել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ և ուշադրություն հրավիրել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու ցանկության մասին նրա հրապարակային հայտարարությունների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահն ասել է՝ ելույթ ունենալով «Վալդայ» բանավեճային ակումբի լիագումար նիստում։

«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նրան ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ես արդեն ասել եմ՝ մենք կաշխատենք ցանկացած ղեկավարի հետ, որին ամերիկյան ժողովուրդը վստահություն կհայտնի։ Այդպես կլինի նաև գործնականում», - ասել է Պուտինը։

ՌԴ ղեկավարը միևնույն ժամանակ համարում է, որ Ուկրաինայի հետ հակամարտությանը վերջ դնելու մասին Թրամփի խոսքերին կարելի է ուշադրություն դարձնել։

«Բայց այն, ինչ մինչ այժմ հրապարակայնորեն ասվել է…., այն, ինչ ասվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու, ուկրաինական ճգնաժամի ավարտին օգնելու ցանկության մասին, իմ կարծիքով, առնվազն ուշադրության է արժանի», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև Թրամփին որակել է որպես խիզախ մարդ՝ հիացմունք հայտնելով մահափորձի պահին նրա պահվածքի համար։ 

«Նրա վարքագիծը մահափորձի ժամանակ տպավորեց ինձ։ Պարզվեց, որ նա խիզախ մարդ է։ Եվ հարցը միայն նրա բարձրացրած ձեռքը և իդեալների համար պայքարելու կոչը չէր, հարցը միայն դա չէր։ Բուռն պահին, արտասովոր պայմաններում մարդը դրսևորում է իրեն, այստեղ է մարդը դրսևորում իրեն, և նա, ըստ իս, իրեն դրսևորեց ճիշտ, համարձակ, տղամարդու նման», - ասել է Կրեմլի ղեկավարը:

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա Պուտինի կարծիքով, պաշտոնավարման առաջին ժամկետում թույլ չէին տալիս որևէ քայլ անել, ավելորդ խոսք ասել։

Բացի այդ, ՌԴ նախագահն ասել է, որ պատրաստ է Թրամփի հետ շփումների և ամոթալի չի համարում նրան զանգահարելը։

«Չեմ կարծում, որ ինձ համար ամոթալի է նրան զանգահարելը։ Ես դա չեմ անում, քանի որ արևմտյան երկրների ղեկավարները գրեթե ամեն շաբաթ զանգահարում էին ինձ, իսկ հետո հանկարծ դադարեցին: Դե ինչ, չեն ուզում, պետք չէ։ Մենք, ինչպես տեսնում եք, ողջ և առողջ ենք, մենք զարգանում ենք, առաջ ենք գնում։ Եթե նրանցից որևէ մեկը ցանկանա վերսկսել շփումը, ես միշտ ասել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել՝ մենք դրա դեմ ոչինչ չունենք, խնդրեմ, մենք կվերսկսենք շփումները և քննարկումներ կանենք», - ասել է ՌԴ նախագահը։

«Վալդայ» ակումբի նիստի ժամանակ Պուտինը նաև ասել է, որ պատրաստ է վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ 

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելուն, մենք պատրստ ենք դրան։ Բայց գնդակը հիմնականում Վաշինգտոնի դարպասում է։ Մենք չենք նրանց հետ հարաբերությունները փչացրել», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ Չինաստանի հետ համագործակցությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ։  

Հայերեն English Русский Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում