ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով ընտրվել է նախագահի պաշտոնում, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրների ղեկավարներից։ Բացի շնորհավորական ուղերձներից, որոշ ղեկավարներ նաև հեռախոսազրույցներ են ունեցել Թրամփի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների միջև «հաջող գործընկերությունը», ինչպես նաև առևտրի և անվտանգության հարցեր։
Դոնալդ Թրամփին զանգահարել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ըստ CNN-ի՝ երկու առաջնորդները «համաձայնել են սերտ երկխոսություն պահպանել և զարգացնել համագործակցությունը»։ Ավելի վաղ Զելենսկին շնորհավորական ուղերձ էր հղել Թրամփին հաղթանակի առթիվ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դոնալդ Թրամփի հետ քննարկել է պատերազմն Ուկրաինայում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում։ Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնն ընդգծել է Եվրոպայի հետ աշխատելու կարևորությունը՝ ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելով նրան և ընդգծելով իրենց երկրների ամուր դաշինքները ԱՄՆ-ի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են հակամարտությունները Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահի հետ, որից հետո X-ում գրել է, որ իրենք «մեծ ծրագրեր ունեն ապագայի համար»։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան լրագրողներին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ամերիկա-ճապոնական դաշինքի ամրապնդումը «տարբեր տեսանկյուններից»:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը հեռախոսազրույցում շնորհավորել է Թրամփին։ Ըստ երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի՝ նրանք քննարկել են երկու երկրների և Ճապոնիայի եռակողմ համագործակցությունը, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշինքն անվտանգության և տնտեսական ոլորտներում առաջ մղելու ձգտումը, ինչպես նաև Ուկրաինայում Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայման հետ կապված մտահոգությունները։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը նույնպես զրուցել է Դոնլադ Թրամփի հետ՝ շնորհավորելով նրան և ընդգծելով երկու երկրների միջև պատմական հարաբերությունները։
Դոնալդ Թրամփին շնորհավորել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։