ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի թիմը նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում զբաղեցրել է երրորդ տեղը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի Գեղարքունիքի մարզային փուլում հաղթած Ճամբարակի ավագ դպրոցի թիմը՝ զինղեկ Նիկալ Ճաղարյանի գլխավորությամբ, մարզը ներկայացրել է հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում։
Մրցապայքարը տեղի է ունեցել ռազմամարզական խաղերի ծրագրով նախատեսված նռնակի նետում հեռավորության վրա, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, վազք 1000 մետր, հրաձգություն օդամղիչ հրացանով և ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում վարժաձևերից։
Ծավալված հետաքրքիր և համառ պայքարի արդյունքում Ճամբարակի ավագ դպրոցի թիմն արժանացել է երրորդ մրցանակի։
Ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում առաջին տեղը գրավել է Արագածոտնի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Շիրակի մարզի Աառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։
Հաղթող թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են համապատասխան կարգի հավաստագրեր, մեդալներ և գավաթ։