Տնտեսություն

Հայաստանը որպես նոր անդամ առաջին անգամ մասնակցել է Նյու Դելիում կայացած Արևային միջազգային դաշինքի վեհաժողովին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը որպես նոր անդամ առաջին անգամ մասնակցել է Նյու Դելիում կայացած Արևային միջազգային դաշինքի վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը որպես ստորագրած կողմ և նոր անդամ նոյեմբերի 4-ին առաջին անգամ մասնակցել է Նյու Դելիում կայացած Արևային միջազգային դաշինքի (ISA) 7-րդ վեհաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հնդկաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանն այդ առթիվ իր խոսքում նշել է, որ Հայաստանը, միանալով այս միջազգային նախաձեռնությանը, հաստատակամ է զարգացնելու արևային էներգետիկայի ոլորտն ու նպաստելու էներգետիկ անկախության ամրապնդմանը։ 

ՀՀ դեսպանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը առաջնահերթություն է տալիս վերականգնվող էներգետիկային։ 2022-2030 թթ. իր էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրի շրջանակներում Հայաստանը նպատակ ունի արևային էներգիայի արտադրությունը 5%-ից հասցնել 15%-ի։ Գլխավոր նախագծերից են արևային կայանքների տեղադրման ծրագրերի իրականացումն ու մասնավոր հատվածի խրախուսումը։ Աջակցություն է ցուցաբերվում նաև էլեկտրական տրանսպորտի ներկրումներին և լիցքավորման կայանների տեղադրմանը: 2040թ. համար Հայաստանը նպատակադրված է ունենալ 60% վերականգնվող էներգիայի բաժին՝ միջազգային համագործակցության միջոցով զարգացնելով դիմակայուն և կայուն էներգետիկ համակարգեր։

Միջազգային Արևային Դաշինքի նպատակն է խթանել մաքուր և կայուն էներգետիկայի զարգացումը՝ հիմնվելով արևային էներգիայի կիրառման վրա։

2025-2026թթ. համար Հնդկաստանն ու Ֆրանսիան համապատասխանաբար վերաստանձնել են դաշինքի նախագահությունն ու համանախագահությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում