ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն անընդունելի է համարում երրորդ ուժերի տեղակայումը հաղորդուղիների երկայնքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Անընդունելի ենք համարում երրորդ ուժերի տեղակայումը հաղորդուղիների երկայնքով։ Այդպես եղել է և կա։ Ինչ վերաբերվում է միջազգային կազմակերպությունների ներգրավմանը, ապա պետք է հասկանանք, որ կա տրանսպորտային ընկերություն, կա փոխադրող ընկերություն, կա երկաթգիծ կառուցող ընկերություն, կա երկաթգիծը սպասարկող ընկերություն, կա օպերատոր, կա վագոնավար։ Այնքան տարբեր շերտեր կան այս հարցի հետ կապված»,- ասաց Միրզոյանը։