Քաղաքականություն

ԱԳ նախարարը որևէ խանգարող հանգամանք չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը որևէ խանգարող հանգամանք չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այս տարի շոշափելի արդյունք է գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշեց, որ Արտաքին գործերի նախարարության ջանքերը նախ և առաջ ուղղված են և շարունակելու են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը։

«Սա առաջին հերթին նշանակում է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորում և զարգացում»,- ընդգծեց Միրզոյանը։

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ 2024 թվականին այդ ուղղությամբ եղել է շատ շոշափելի արդյունք՝ առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ։

«Մենք ապրիլին ստորագրել ենք փաստաթուղթ երկու երկրների սահմանազատման հարցով հանձնաժողովների նախագահների մակարդակով, ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվել է Հայաստանում Ազգային ժողովի կողմից, Ադրբեջանի կողմից էլ՝ իրենց համապատասխան ընթացակարգերով։ Առաջիկայում կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին, որից հետո  հույս ունեմ, որ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։ Այս պահին դրան որևէ խանգարող բան չի երևում»,-եզրափակեց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում