Իրավունք

Արդարացի է հանրության դժգոհությունը, որ արդարադատությունն ուշանում է. Սասուն Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

Արդարացի է հանրության դժգոհությունը, որ արդարադատությունն ուշանում է. Սասուն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրեց, թե դատարան ուղարկված քանի գործող դատավճիռ դեռևս չի կայացել և արդարացի համարեց հանրության դժգոհությունն այն առումով, որ արդարադատությունը հաճախ ուշանում է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սասուն Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  

«2024 թվականին մենք դատարան ենք ուղարկել մեղադրական եզրակացությամբ 114 քրեական վարույթ, որից մեղադրական դատավճիռ է կայացվել 21-ով, մնացածն այս պահին գտնվում են դատալսումների փուլում»,-ասաց Խաչատրյանը: 

Նրա խոսքով՝ 2023-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվող 169 գործից մեղադրական դատավճիռ է կայացվել 73 գործով, 2-ով կայացվել է արդարացման դատավճիռ, որոնք բողոքարկման փուլում են, մեկ գործով մեկ անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, որի դեմ արդարացման մասով կրկին բերվել է վերաքննիչ բողոք: 9 քրեական գործով անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով համաներման, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: 84-ը գտնվում է դատական քննության փուլում:

Նա նաև խնդիր համարեց, որ 2022-ին դատարան ուղարկված գործերի գրեթե կեսով դատավճիռ չկա:

«Արդարացի է հանրության դժգոհությունը, որ ուշանում է արդարադատությունը, բայց քննչական մարմնի առաքելությունն այդ գործը դատախազի սեղանին հասցնելն է, որ դատախազը մեղադրական եզրակացությունը ստորագրի, դրանից հետո քննչական մարմիններն անելիք չունեն»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում