Հասարակական

Սասուն Խաչատրյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպման ընթացքում կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցային կապերի ամրապնդումը

2 րոպեի ընթերցում

Սասուն Խաչատրյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպման ընթացքում կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցային կապերի ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ողջունելով դեսպանին՝ Սասուն Խաչատրյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կոմիտեի նախորդ երկու տարվա գործունեության արդյունքները:

Սասուն Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ մեկ կառույցի կողմից օպերատիվ և քննչական աշխատանքների կազմակերպմամբ ու իրականացմամբ, ինչպես նաև կոռուպցիոն դեպքերի բացահայտման գործում պետական մյուս մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով Եվրամիության հետ արդեն իսկ առկա համագործակցային կապերի ամրապնդումը: Քննարկվել են այդ համագործակցության շրջանակում առաջիկայում առավել առարկայական ու կոնկրետ քայլերի իրագործման հնարավորությունները:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության ևԵվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն պատասխանատվություն է ստանձնել աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը: Ուստի կողմերը համաձայնության են եկել՝ հստակեցնել համատեղ ծրագրերի իրականացման գործնական քայլերը, ինչպես նաև դիտարկել եվրոպական լավագույն փորձի ներդրման միջոցով առավել արդյունավետ համագործակցություն զարգացնելու հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում