Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-38/24. Ուելս, Հեյկիլյա, Թադեւոսյան, Ղարիբյան,

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-38/24. Ուելս, Հեյկիլյա, Թադեւոսյան, Ղարիբյան,

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն 

Հերբերտ Ուելս, «Աշխարհների պատերազմը»

Ուելսի գիտաֆանտաստիկ այս վեպն առաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1898թ.: «Աշխարհների պատերազմը» նկարագրում է այլմոլորակայինների (մարսեցիների) ներխուժումը Երկիր, և գրականության մեջ նման հակամարտության առաջին նկարագրություններից է: Վեպի իրադարձությունները, որոնք առաջին դեմքով նկարագրված են անանուն ականատես հերոսի կողմից, տեղի են ունենում հարավային Անգլիայում, այդ թվում՝ Ուոքինգ քաղաքի շրջակայքում, որտեղ ապրում և աշխատում էր ինքը՝ Ուելսը, և Լոնդոնում: Գիրքը գիտաֆանտաստիկ դասական ստեղծագործություն է և իր ազդեցությունն է թողել այդ ժանրի զարգացման վրա: Քննադատները վեպը բնորոշել են որպես էվոլյուցիոն ուսմունքի, բրիտանական իմպերիալիզմի և վիկտորիանական դարաշրջանի վախերի, նախապաշարմունքների և կարծրատիպերի մեկնաբանություն և համարել «գիտական վեպ»: Անգլերենից թարգմանեց Ալվարդ Սահակյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն 

Սեսիլիա Հեյկիլյա, «Վերջին ամրակետը»

Պապիկն ասում է, որ վերջին ամրակետն աշխարհի ամենագեղեցիկ վայրն է։ Օվկիանոսի մյուս ափին է, սառցե լեռների և անհատակ լճերի միջև: Այնտեղ վայրի կենդանիներ են ապրում, որոնք քեզ կուտեն, եթե զգույշ չլինես: Ամռանն էլ տաք սոճիների բույր է տարածված ամենուր: Փոքր Արջը նախկինում չէր լսել վերջին ամրակետի մասին ու մտադիր է պապիկի հետ հասնել այնտեղ: Երկու արջերը ճամփա են ընկնում դեպի աշխարհի մյուս ծայրը։ Նրանք փնտրում են վերջին ամրակետը՝ աշխարհի վերջին անառիկ մնացած, կուսական անտառը: Բայց կգտնե՞ն հնամենի ամրակետը․ չէ՞ որ պապիկի ջահել օրերից ի վեր շատ բան է փոխվել: Կլանիչ ու հիասքանչ այս պատկերագիրքը պատմում է, թե ինչպես ենք կարոտում այն վայրին, որտեղ երբեք չենք եղել, պատմում է նաև անտառում տուն գտնելու հաճույքի և պապ ու թոռան ամուր կապի մասին:

Հիասքանչ պատկերագիրք՝ պապիկի ու թոռնիկի մասին։ Թարգմանիչ՝ Արծվի Բախչինյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

Փաստավավերագրական գրականություն  

Արա Թադեւոսյան, Լուսինե Ղարիբյան, «Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը»

Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում: 

Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել: Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար: Գիրքը լույս է ընծայել «Մեդիամաքս մեդիա քոմփանի»-ն։

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում