Կապող օղակ՝ պետության և արվեստագետների միջև. Երևանում մեկնարկեց ԱՍԱ ֆորումը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԲԸՄ Հայաստանը և Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը հոկտեմբերի 25-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ազդարարեցին ԱՍԱ ֆորումի մեկնարկը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորաստեղծ արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts-ASA), որի նպատակն է նպաստել մշակութային ոլորտի զարգացմանը, իր առջև նպատակ է դրել ապահովել հայաստանյան մշակութային դաշտի էլ ավելի մեծ ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ 

«Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որն արդեն գործում է երեք տարի, Եվրոպական միության կողմից աջակցություն ստացած նախաձեռնություն է, որն իրականացնում են ՀԲԸՄ-ն և Ստեղծարար Հայաստան հիմնադրամը։ Մեր գործունեության ընթացքում հասկացանք՝ բացի նրանից, որ պետք է ֆինանսավորել, աջակցել, հնարավորությունները մեծացնել, պետք է ստեղծել միջնորդ կառույց, որը պետության և արվեստագետների միջև կկանգնի։ Այդ ժամանակ առաջ եկավ այն գաղափարը, որն ԱՍԱ-ի հիմքում է, այսինքն՝ այն միջնորդ կառույց է, հաղորդակցման օղակ, որը կկարողանա համախմբել ռեսուրսները, հնարավորությունները, պետական կառույցները և արվեստագետների համայնքը, իսկ ֆորումը ԱՍԱ-ի այսպես ասած ծնունդն է, որի շրջանակում ներկայացվելու են մեր գործունեության շրջանակները լեգալ ռեֆորմների, արտահանման և ռեսուրսների շուրջ։ Ֆորումի ընթացքում նաև իրականացվելու է «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը, որի նպատակն է շնորհակալություն հայտնել այն ձեռներեցներին, որոնք արդեն աջակցում են արվեստագետներին»,-պատմեց ՀԲԸՄ Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի հաղորդակցման և միջոցառումների պատասխանատու Շողակաթ Մլքե-Գալստյանը։

Ֆորումի ընթացքում անցկացվելու են պանելային քննարկումներ, կազմակերպվելու են հրավիրյալ բանախոսների ելույթներ, փորձելու են նպաստել մասնագիտական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև տեղի է ունենալու Արվեստի ջատագովման համայնքի (Advocacy Society for the Arts-ASA) շնորհանդեսը: 

Միջոցառմանը ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, միջազգային և բիզնես առաջնորդներ, ձեռնարկատերեր, մեդիայի ներկայացուցիչներ և ստեղծարար համայնքի անդամներ: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծեց՝ ստեղծարար արդյունաբերությունը մշակույթի ոլորտում պետական քաղաքականության հիմքում է։ Նա շեշտեց, որ Հայաստան-ԵՄ համատեղ իրականացրած մշակութային ծրագրերն ու նախագծերը հաջողված են։ 

«Վերահաստատում եմ, որ մենք շահագրգռված ենք ստեղծագործական արդյունաբերությանն առնչվող նոր ծրագրի մեկնարկով, և Հայաստան-ԵՄ ընդհանուր փաթեթի շրջանակում մեծ նշանակություն ենք տալիս դրան։ Մենք ոլորտային ծրագրի շարունակականության խնդիր ունենք, և ես ուրախությամբ կուզեի արձանագրել, որ Կատապուլտ ծրագրի արդյունքում կարծես ստեղծվել է մի հարթակ, կառույց, որը կնպաստի, որ մշակութային ոլորտում երկխոսությունը լինի շարունակական և  կկարողանա ներկայացնել բնագավառի ներկայացուցիչների համահավաք շահերը։ Այդ իմաստով վերահաստատում ենք նախարարության պատրաստակամությունը՝ ներգրավվելու կառույցի աշխատանքներում»,-ասաց փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ ԱՍԱ-ն կդառնա ակտիվ սոցիալական գործընկեր ոչ միայն առկա խնդիրները վերհանելու, այլև իրավական, միջազգային համագործակցության ծավալման առումներով։ 

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը խոստովանեց՝ հպարտ է, որ իրենք աջակցել են Կատապուլտի գործունեությանը և այժմ քննարկում են նախագծի շարունակականության հարցը։ «Ես այս ծրագրի կառավարիչը չեմ և բոլոր մանրամասները չգիտեմ, բայց կարևոր է այն, որ մենք մարդկանց համար հնարավորություններ ենք բացել։ Կարծում եմ՝  մարդու կյանքը կարող է փոխվել իրեն տրված հնարավորության շնորհիվ, ուստի մեր ծրագրերը պետք է «խոսեն» մարդկանց հետ և նրանց հնարավորություն տան փոխելու իրենց անձնական կյանքը»,-նշեց դեսպանը։

Մարագոսն ընդգծեց՝ փոքր գրանտների միջոցով ստեղծագործողներին հնարավորություն է տրվում ճամփորդել, զարգացնել իրենց հմտությունները, բիզնեսները, ինչը ստեղծում է սպասելիքներ։ «Ստեղծագործ արդյունաբերությունը դիվերսիֆիկացնում է Հայաստանի տնտեսությունը, ինչը կարևոր է նաև Հայաստանի կայունությունն ապահովելու համար և հնարավորություն է տալիս համագործակցել տարբեր երկրների հետ»,-շեշտեց նա և հավելեց՝ Հայաստանը հինավուրց երկրի է, իսկ մենք դարավոր մշակույթի կրողներ, և պետք է շարունակենք պահպանել այդ ամենը»,-ասաց Վասիլիս Մարագոսը։

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի համոզմամբ՝ մշակույթը կառույցի հիմնասյուներից է, որի միջոցով իրականացնում են իրենց առաքելությունը։ 

Նրա խոսքով՝ մշակութային ոլորտի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործված չէ։ «ՀԲԸՄ-ն տարիներ շարունակ աջակցել է ոլորտի զարգացմանը։ Համոզված ենք, որ մեր պարտականությունն է տաղանդներին պահել Հայաստանում և նպաստել նրանց զարգացմանը։ Մենք համագործակցել ենք տարբեր նվագախմբերի, գեղարվեստական խմբերի, արվեստագետների հետ։ Մեր համագործակցության արդյունքն այն եղավ, որ սկսեցինք բացահայտել Հայաստանի հսկայական մշակութային ներուժը։ Օգտագործելով ՀԲԸՄ-ի  սփյուռքի ցանցը ոչ միայն այնտեղից աջակցություն բերեցինք Հայաստան, այլև տաղանդներին հնարավորություն տվեցինք ներկայանալ համաշխարհային լավագույն բեմերում, հարթակներում»,-նշեց Յակուբյանը։

Նա կարևորեց այն, որ հետազոտություն են իրականացրել 120 էջի սահմաններում՝ ուսումնասիրելով Հայաստանի ստեղծարար ոլորտում բացթողումները հնարավորությունները, ինչի արդյունքում ծնվել է ԱՍԱ-ի գաղափարը, որի հիմնական նպատակն է  ստեղծել հիմնադրամ, որը  կլինի Կատապուլտի շարունակությունը կամ նրա բաղադրիչներից մեկը։

Միջոցառմանը մշակութային ռազմավար, Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը ներկայացրեց Արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts-ASA)։

«ԱՍԱ-ն նպատակ ունի բարձրաձայնել մշակութային ոլորտի խնդիրները, մեծացնել արվեստի ֆինանսավորումը և իրականացնել այլ կարևոր գործառույթներ։ Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագիրն իրականացնելիս մենք լսել ենք երկու կարևոր բան՝ հնարավորություն և կոլեկտիվ գաղափարներ։ Մեր հետազոտության, ծրագրերի միջոցով բացահայտել ենք շատ խնդիրներ և խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել, որ մեր էկոհամակարգը մեծանա։ Մենք բացահայտել ենք տաղանդներ, որոնք հենց շունչ են տվել ԱՍԱ-ի գաղափարին»,-ընդգծեց նա։ 

ԱՍԱ ֆորումը ֆինանսավորվել է Եվրամիության և ArtNexus շվեդական ծրագրի կողմից, առաջին ազգային ֆորումն է, որը նվիրված է արվեստի և մշակույթի տնտեսությանը: Այն նպատակ ունի ստեղծել ուժեղ մշակութային քաղաքականության հարթակ՝ համախմբելով մշակութային և ստեղծարար ոլորտների բազմազան շահագրգիռ կողմերին: Ֆորումը ուսումնասիրեց, թե ինչպես քաղաքականությունը, միջոլորտային համագործակցությունները և նորարարական ռազմավարությունները կարող են խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսության աճն ու կայունությունը: Կազմակերպության նպատակն է հզորացնել արվեստագետներին, առավելագույնի հասցնել մշակութային զարգացման ռեսուրսները և ձևավորել այնպիսի քաղաքականություն, որը կամրապնդի Հայաստանի դիրքը համաշխարհային մշակութային թատերաբեմում: Արվեստի ջատագովման միության հիմնադիր խորհրդի կազմում են  հայազգի ճանաչում ունեցող անհատներ, կազմակերպություններ և հաստատություններ, որոնք բոլորը հավատարիմ են հայկական մշակույթի առաջխաղացմանը նպաստելու և այն աշխարհով մեկ տարածելու առաքելությանը։

Հայերեն

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ