Ստվերից խուսափելու համար պետք է օգտվել կամ միասնական տոմսային համակարգից, կամ վճարել 100 դրամանոց մետաղադրամ. Ավինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց և հորդորեց քաղաքացիների նոյեմբերի մեկից հասարակական տրանսպորտով երթևեկելիս օգտվել միայն 100 դրամանոց մետաղադրամից կամ միասնական տոմսային համակարգից՝ հասույթների շարունակական աճ ապահովելու և ստվերից հնարավորինս խուսափելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետը նշեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ՝ հավելելով, որ Երևանում բարեկեցիկ հասարակական տրանսպորտ ապահովելու համար ծախսերը գնալով ավելանում են, ու ամեն նոր գնված շարժակազմի հետ շարունակելու են ավելանալ։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում շուրջ 7.5 միլիարդ դրամ սուբսիդավորում է հատկացրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:
«Հաջորդ տարի գործելու է տոմսային համակարգի շաբաթական, ամսական և տարեկան սակագին: Ուզում եմ հատուկ շեշտել՝ Երևանի քաղաքապետարանն այս տեմպերով ավելացող ծախսերի բեռը չի կարող միայնակ իր վրա վերցնել և տրանսպորտային համակարգի շարունակական զարգացումն ապահովել, իսկ նոր տոմսային համակարգը որոշ չափով մեղմելու է այդ ֆինանսական բեռը»,-ասաց քաղաքապետը: