Տնտեսություն

Ցուցանիշները վկայում են ԲՐԻԿՍ-ի երկրների հետ տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժի մասին. տնտեսագետ

6 րոպեի ընթերցում

Ցուցանիշները վկայում են ԲՐԻԿՍ-ի երկրների հետ տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժի մասին. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կազան քաղաքում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին՝ ի թիվս մի շարք երկրների, առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանը։ Հայաստանը չի անդամակցում այս միավորմանը, սակայն, հաշվի առնելով տարբեր գործոններ, հատկապես այն հանգամանքը, որ մասնակից երկրների մեծամասնությունը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներն են, կարելի է ենթադրել, որ հայկական պատվիրակությունը կունենա կարևոր ու հետաքրքիր հանդիպումներ։

ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովն ամենաներկայացուցչականն է լինելու 2024 թվականի սկզբից արդեն 9 անդամ ունեցող այս կազմակերպության պատմությունում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրների ղեկավարները, սեպտեմբերի սկզբին մասնակցության անհատական հրավեր են ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և ընդունել այն։

Մասնակցությունից Հայաստանի հնարավոր տնտեսական ակնկալիքների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է «Ամբերդ» կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանի հետ։ 

- Հայաստանը բավականին կայացած տնտեսական հարաբերություններ ունի ԲՐԻԿՍ-ի  անդամ երկրներից Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և ԱՄԷ-ի հետ, նաև ձգտում է նոր խթան հաղորդել Եգիպտոսի հետ տնտեսական կապերին: Ինչպե՞ս եք գնահատում նշված երկրների հետ ՀՀ տնտեսական համագործակցության ներկայիս վիճակը և խորացման ներուժը:

- Իսկապես, ԲՐԻԿՍ-ին անդամակցող երկրների մեծ մասի հետ Հայաստանն ունի բավականաչափ կայացած տնտեսական հարաբերություններ։ Այսպես, միայն 2023 թվականին Ռուսաստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Չինաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը և Հնդկաստանին բաժին է ընկել ՀՀ արտահանման տարեկան ծավալի 73․6, ներմուծման՝ 53․7 տոկոսը։

Եգիպտոսի հետ փոխադարձ առևտուրը թեպետ դեռևս աննշան է, սակայն վերջին շրջանի աճի միտումները տպավորիչ են․ 2024-ի առաջին 8 ամիսներին Հայաստանից Եգիպտոս արտահանումն ավելացել է 2․5, իսկ ներմուծումը՝ 4 անգամ։

Աննախադեպ աճել են նաև Հայաստանից Չինաստան (840 մլն ԱՄՆ դոլար) և ԱՄԷ (4․3 մլրդ) արտահանման ցուցանիշները։ Միայն այս տարվա 8 ամիսներին Հայաստանից այդ երկրներ արտահանումը գրեթե կրկնակի գերազանցել է 2023 թվականի տարեկան ծավալը։ Նույն ժամանակահատվածում 61 տոկոսով աճել է Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը, որը գերազանցում է 7 մլրդ դոլարը։

Արձանագրված միտումներն, անշուշտ, վկայում են վերոնշյալ շուկաներում Հայաստանի դիրքավորման և ԲՐԻԿՍ-ի երկրների հետ տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժի առկայության մասին։

-Այդ երկրների հետ տնտեսական հարաբերություններում կա՞ն առավել հրատապ հարցեր, որոնք կարող են քննարկվել կամ բարձրաձայնվել Կազանում: 

- Կազանում կայանալիք գագաթնաժողովի առանցքային թեմաների շրջանակներում են տնտեսական համագործակցության խորացումը, միջազգային ասպարեզում անվտանգության և կայունության հիմնախնդիրները, ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը, փոխազդեցությունը գիտության և տեխնիկայի ոլորտում, միջազգային ֆինանսական համակարգի արդիականացումը և այլն։ Նոր երկրների ընդգրկումն այդ կազմակերպության կազմում վկայում է համաշխարհային քաղաքականությունում ԲՐԻԿՍ-ի աճող ազդեցության մասին։ 

Հայաստանի համար առանցքային կարևորություն կարող է ունենալ ճանապարհային ենթակառուցվածների զարգացման հարցերի շուրջ Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը, ինչն ավելի կամրապնդի զարգացող երկրների միջև փոխադարձ համագործակցությունը։ 

- Ինչպիսի՞ն է ԲՐԻԿՍ-ին անդամակցող Բրազիլիայի, Եթովպիայի և ՀԱՀ-ի հետ Հայաստանի տնտեսական կապերի ներկայիս պատկերը, զարգացման ի՞նչ հեռանկարներ են ուրվագծվում:

- Բրազիլիայի հետ ՀՀ տնտեսական հարաբերություններն առավել ակտիվ են․ կնքվել են համագործակցության համաձայնագրեր և հուշագրեր։ Հայաստանը Բրազիլիայից ներմուծում է շաքար, շաքարի օշարակ, շինարարական սարքավորումներ, միս և մսամթերք, սուրճ, թութուն և քաղցրավենիք։ Իսկ մեր երկրից Բրազիլիա արտահանման կառուցվածքում առանձնանում են թեթև արդյունաբերության ապրանքները, ալկոհոլային խմիչքները, քլորոպրենային կաուչուկը, որոշ քիմիական ապրանքներ և այլն։

Եթովպիայի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1993 թվականից։ Այդ երկրի հետ ապրանքաշրջանառությունն աննշան ծավալների է։ Նույնը վերաբերում է Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ Եթովպիայի հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է ընդամենը 904․4 հազար դոլար (բացառապես ներմուծման հաշվին), իսկ ՀԱՀ-ի հետ՝ 8․6 մլն դոլար։

- Ձեր գնահատմամբ, Հայաստանը տնտեսական տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ առաջիկա համաժողովից:

- Կազանի համաժողովին մասնակցությունը Հայաստանի համար առանցքային դերակատարում ունի գործընկերային կապերի ամրապնդման, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, ենթակառուցվածքների զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման տեսանկյունից։ Այս առումով հատկապես պետք է առանձնացնել Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի հետ համագործակցության խորացման կարևորությունը։

Հրայր Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում