Ավտոլվացման կետում դանակահարության վարույթով մեղադրանք է ներկայացվել 17-ամյա երիտասարդի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակցի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:28-ին, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան հասցեից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, ըստ որի՝ նշված վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը վնասվածքն ստացել է Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում՝ նույն կետի մեկ այլ աշխատակցի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 2007թ․»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 15-ին' ժամը 13:20-ի սահմաններում, հիշյալ ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել 34-ամյա տղամարդու և 17-ամյա երիտասարդի միջև, որից հետո վերջինս ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է ծալովի փականով դանակը և հարվածել 34–ամյա տղամարդու կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք: 

Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք ծալովի դանակը, ինչպես նաև՝ արնանման հետքեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերցվել և զննության է ենթարկվել տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։

Նշվում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Դատարանի որոշմամբ՝ 17-ամյա երիտասարդի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:   

Նախաքննությունը շարունակվում է։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին