Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ՀՀ պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ՀՀ պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանում` հանդիպելով երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպման մեկնարկին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը կրկին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին՝ տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար` հավելելով, որ այս հանդիպումն իրենց նախկին հանդիպման շարունակությունն է: ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերոջը ջերմ ընդունելության համար` նշելով, որ նման հանդիպումներն էլ ավելի են ամրացնում երկկողմ բարեկամական կապերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հատուկ շեշտադրմամբ խոսել է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներից ու երկրում իրականացվող բարեփոխումներից` նշելով, որ Չեխիան սատարում է Հայաստանի` Եվրամիության հետ ավելի մերձենալու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Ըստ աղբյուրի՝ Ալեն Սիմոնյանը չեխ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին` ներկայացնելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև առկա տնտեսական ներուժին` նշելով, որ կա այն իրացնելու լայն հնարավորություն:

Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Պատգամավորների պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում