Արարատի մարզի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է 34–ամյա համագյուղացու սպանության, նրա եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է Արարատի մարզի 34–ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2024թ․ հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել` Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի 34-ամյա բնակչի սպանության վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի 46-ամյա բնակիչը նույն օրը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, հետևել է 34-ամյա համագյուղացուն՝ դարանակալել, այնուհետև նրա հետևից մտել նշված բնակավայրի Թումանյան փողոցում գտնվող տան բակ։

Ըստ աղբյուրի՝ գտնելով ալկոհոլի ազդեցության տակ, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 46-ամյա տղամարդը մոտեցել է նրան և նախապես իր հետ վերցրած դանակով մոտ 10 անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսական կարևոր օրգանների՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տուժողի եղբայրը, նկատելով 46-ամյա տղամարդու հանցավոր գործողությունները, վազելով մոտեցել է նրան, որից հետո վերջինս, ապօրինաբար նաև 34–ամյա տղամարդու եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել վերջինիս ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 46-ամյա տղամարդը փորձել է նաև երկրորդ անգամ հարվածել տուժողի եղբորը, սակայն վերջինիս հաջողվել է մի կողմ հրել տղամարդուն և դիմել փախուստի, որից հետո 46-ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, վազել է նրա հետևից։ Լսելով սպառնալիքները՝ հարևանությամբ բնակվող անձինք դուրս են եկել փողոց, որից հետո 46-ամյա տղամարդը անհետացել է՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 46-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Նախաքննությունը շարունակվում է։    

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին