Տնտեսություն

ՊԵԿ-ը վառելիքի և հավելանյութերի տեսակները հստակեցնելու և հարկային մոտեցումները կարգավորելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել

3 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը վառելիքի և հավելանյութերի տեսակները հստակեցնելու և հարկային մոտեցումները կարգավորելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ներմուծվող նավթամթերքների և հավելանյութերի տեսակների անվանումների հստակեցմանը, ներկայում ակցիզային հարկով չհարկվող նյութերի հարկմանը, դրանով իսկ չարաշահումների կանխմանը և վարորդների իրավունքները պաշտպանությանը միտված ՊԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկությունը մանրամասնեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։

«Այս նախագծով ցանկանում ենք հստակեցնել քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի անվանումների սահմանումը։ Առաջարկում ենք հարկային օրենսգրքում կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքների (բենզին, քսայուղեր, դիզելային վառելիք), նաև հավելանյութերի՝ ակցիզային հարկով հարկման հարաբերությունները, հստակեցնել դրանց սահմանումը։ Ցանկանում ենք հստակեցնել, թե որոնք են համարվում ակցիզային հարկով հարկվող օբյեկտները, որպեսզի հստակ լինի և հետագայում խնդիր չառաջանա»,- նշեց Մանուկյանը։

Նա հայտնեց, որ առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3811 և 38-10 տիպի ապրանքային դիրքերին դասվող ապրանքները համարել ակցիզային հարկով հարկվելու ենթակա։

«Խոսքն այն հավելանյութերի մասին է, որոնք կարող են օգտագործվել որպես բենզին։ Իրականում դրանք բենզին չեն, բայց տարբեր տիպի խառնուրդներ ավելացնելու պարագայում դրանք հնարավոր է օգտագործել որպես բենզին։ Դա հնարավորություն է տալիս ստանալ և վաճառել ցածր որակի բենզին, որը ակցիզային հարկով հարկման ենթակա չէ։ Դրա համար առաջարկում ենք սահմանել ակցիզային հարկ նույն հարկի չափով, որը սահմանված է բենզինի համար և դրանով իսկ հարցը փակել»,- հայտարարեց Մանուկյանը։

Նմանապես հստակեցման կարիք ունեն արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկները, որոնք կարող են օգտագործել որպես քսայուղեր։

«Հիմա սուբյեկտները հաճախ իրենց ապրանքի նկարագիրը համապատասխանեցնում են այն կոդին, որի համար չկա ակցիզային հարկ։ Հետևաբար, առաջարկում ենք ապրանքների այս խումբը ևս սահմանել ակցիզային հարկով հարկվելու ենթակա, որը կվերացնի տարբեր մոտեցումները և կստեղծի հավասար դաշտ նմանատիպ ապրանքների՝ ակցիզային հարկով հարկման համար»,- գտնում է ՊԵԿ նախագահի տեղակալը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ փոփոխությունը միտված է ոչ թե հարկային մուտքերի ավելացմանը և մարդկանց տուգանելուն, այլ վարորդների պաշտպանությանն ու անորակ վառելիքի վաճառքի կանխմանը։

Միաժամանակ, նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները մշակվել են՝ հաշվի առնելով այդ թվում ոլորտի կարգավորման մասով ԱՊՀ անդամ պետությունների, մասնավորպես՝ Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում