1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվում է 5 փողոց։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ներքին Գետաշենի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 173 միլիոն 387 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ներքին Գետաշենի Ներքին Դուրան թաղամասի 4-րդ և 7-րդ, Գետափնյա թաղամասի 1-ին, Վերին Դեմեր թաղամասի 3-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատում՝ 3689 մետր ընդհանուր երկարությամբ և 18 հազար քմ մակերեսով։ Շինաշխատանքները, որոնք արդեն իրականացված են շուրջ 40 տոկոսով, մեկնարկել են հոկտեմբերի սկզբից և կավարտվեն այս տարվա ընթացքում։ Դրանք իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։
Խոսրով Խլղաթյան