Ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցված հարկերից պետական բյուջե է վճարել շուրջ 300 մլն դրամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, հարկային օրենսդրության համաձայն պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու համար, հարկեր չվճարելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը․ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում՝ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության հիմնադիր-տնօրենին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Նշվում է, որ նախաքննության ընթացքում ՍՊ ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե վճարել 298մլն 890 հազար 423  ՀՀ դրամ։ 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին