Մերձավոր Արևելք

Իսրայելի վարչապետը կոչ է արել ռազմական գործողությունների ​​գոտուց տարհանել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը կոչ է արել ռազմական գործողությունների ​​գոտուց տարհանել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել անհապաղ դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին  մարտական ​​գործողությունների գոտուց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում է The Times Of Israel-ը, Բենիամին Նեթանյահուն նման կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։

Նա պահանջել է հանել UNIFIL-ի ուժերը վտանգավոր գոտուց: 

«Դա պետք է արվի հենց հիմա, անհապաղ»,- ասել է Նեթանյահուն։

Նրա պնդմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահները, մնալով իրենց դիրքերում, դառնում են «Հեզբոլլահ»-ի պատանդը, որի դեմ ուղղված են իսրայելական զորքերի գործողությունները։ 

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ UNIFIL-ի խաղաղապահներին տարհանելուց հրաժարվելը վտանգում է և՛ նրանց, և՛ իսրայելական զինվորների կյանքը:

Ըստ Նեթանյահուի՝ եվրոպացի առաջնորդները պետք է քննադատեն «Հեզբոլլահ»-ին, այլ ոչ թե Իսրայելին՝ UNIFIL-ը որպես մարդկային վահան օգտագործելու համար։

Հոկտեմբերի 10-ին ՅՈՒՆԻՖԻԼ-ը հայտնել է իսրայելական զինվորականների կողմից իր գլխավոր շտաբի և հենակետերի հրթիռակոծման մասին: UNIFIL-ի տվյալներով՝ վիրավորվել է երկու խաղաղապահ։ Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ իր զորքերը կրակել են իրենց համար վտանգ ներկայացնող թիրախի վրա, որը գտնվում էր ՄԱԿ խաղաղապահների դիրքի կողքին, իսկ նրանք պատահաբար վիրավորվել են։ Միևնույն ժամանակ, իսրայելացի զինվորականները նշել են, որ իրենք նախապես զգուշացրել են ՄԱԿ-ի ուժերին առաջիկա մարտերի մասին և հրամայել նրանց պատսպարվել։

Ավելի վաղ  հայտնի էր դարձել , որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով  հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:

Ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը՝ հարավային Լիբանանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար:

Լեհաստանի նախաձեռնած համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են խաղաղապահների վրա հարձակումների միջադեպերը և նշվել, որ նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և համարժեք հետաքննվեն:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի տեղեկացմամբ՝ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում