Մշակույթ

Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ,  12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում հոկտեմբերի 12-ին տոնական տրամադրությամբ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  քաղաքի տարբեր մշակութային կառույցներում ցուցադրություններով, համերգներով և վարպետաց դասերով ներկայացված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված լավաշը, խաչքարը, դարբնությունը և դուդուկը։ 

Փառատոնի մեկնարկն ազդարարվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում, որտեղ ներկայացվեց լավաշ թխելու ավանդական գործընթացը։  

Գյումրիի Աբովյան փողոցում խաչքարագործ վարպետներն անցկացնում են վարպետության դաս։ Գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացնում են թռչնատառերը, իսկ «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում տեղի ունեցավ Վաչե Շարաֆյանի «ԴՈՒԴՈՒԿԸ» գրքի շնորհանդեսը։ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում ցուցադրված են «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները։

«Երբ տարեսկզբին դարբնությունն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, գաղափար առաջացավ Գյումրիում ունենալ փառատոն, քանի որ ցանկում ընդգրկված բոլոր բաղադրիչները շատ համահունչ էին Գյումրիին․ խաչքարագործությունը, որի ամենամեծ համքարությունները Գյումրիում են, դուդուկը, որի հրաշալի վարպետներ է տվել Գյումրին։ Ունենք թռչնատառերի ու զարդարվեստի հրաշալի արվեստանոցներ, «Սասունցի Դավիթ» էպոսի պատումներից մեկը փոխանցված է Կարնո բարբառով։ Եվ երբ այս բոլոր բաղադրիչները ամբողջացրեցինք, ունեցանք այս փառատոնը»,-նշեց Գյումրու համայնքապետարանի Երիտասարդության ու մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավաստելով, որ հաջորդ տարիներին կունենան ավելի մեծամասշտաբ փառատոն։

Միջոցառումը կավարտվի Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ միասնական շուրջպարով՝ Գյումրու պարային խմբերի մասնակցությամբ։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում