Հայաստան

Վարչապետն օդանավակայանում ծանոթացել է սահմանապահների աշխատանքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ 

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում»:

Վարչապետին ուղեկցել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը: Շրջայցին ներկա են եղել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ղեկավարները:   

ՀՀ վարչապետը եղել է մեկնման և ժամանման սրահներում, որտեղ սահմանապահ զորքերի ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթները: Պատասխանատուները զեկուցել են, որ սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի:  

Նիկոլ Փաշինյանը սահմանապահ ծառայողներին մաղթել է հաջողություններ գործունեության մեջ և անվտանգ ծառայություն: 

Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ից «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները փոխանցել էին հայկական կողմին: «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու մասին պայմանավորվածությունը ձեռք էին բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում