Սպենդիարյան 5 հասցեի շենքն այսուհետև զարդարում է դիրիժոր Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպենդիարյան 5 հասցեում բացվել է դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անվանատախտակ բացելու նախաձեռնությունը Ղարաբեկյանի ընտանիքինն է։ 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ղարաբեկյանի ընտանիքի անդամները, ընկերները, հարազատներն ու արվեստասերներ։

Ղարաբեկյանը կյանքից հեռացել է տասը տարի առաջ։ Կյանքի 58 տարիների ընթացքում նա ապրել և արարել է աշխարհի տարբեր ծայրերում, սակայն իր տունը միշտ համարել է Երևանը, իսկ ամենանվիրական աշխատանքը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարումը: Հաշվի առնելով մաեստրոյի սերը՝ ընտանիքը որոշել է հավերժացնել մաեստրոյի հիշատակը նաև այն շենքում, որտեղ ապրել է Ղարաբեկյանը։ 

Դիրիժորի քույրը՝ Քրիստին Ավագյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ճարտարապետ, անվանատախտակի հեղինակ Կարեն Ավանեսյանին կատարած աշխատանքի համար։

Խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը Արամ Ղարաբեկյանի ընկերներից է։

«Արամ Ղարաբեկյանը նախ և առաջ շատ վառ անհատականություն էր, և որևէ ձևով չես կարող ասել, որ պարզապես երաժիշտ էր, ով եկավ ու գնաց։ Վառ անհատականություն, գունեղ կերպար՝ լի մտահղացումներով, որոնք կարողանում էր վարպետորեն ի կատար ածել։ Նրա յուրաքանչյուր համերգ տոնակատարություն էր։ Նրա հետ աշխատելը ևս շատ հաճելի էր»,-նշել է Տիգրան Հեքեքյանը։ 

 

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955-ին Թեհրանում:  Դիրիժորական գործունեությունը սկսվել է 1983 թվականից, երբ հիմնադրել և ղեկավարել է Բոստոնի «Սինֆո նովա» կամերային նվագախումբը: Նրա ղեկավարությամբ՝ 1983-1991 թվականներին նվագախումբը համերգային լայն գործունեություն է ծավալել, ելույթներ ունեցել ամերիկյան հայտնի համերգասրահներում: Ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել բազմաթիվ, այդ թվում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Մյունխենի «Սինֆոնիետա», Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ռադիոյի և հեռուստատեսության, Զագրեբի, Լվովի Շրևեպորտի, Զեջիանգի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և նախկին Խորհրդային Միության երկրներում:

Իր եռանդուն ու բազմակողմանի երաժշտակատարողական գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների՝ ԱՄՆ-ի կոնգրեսի հատուկ հռչակագիր, Լյուսիեն Վուլսնի անվան մրցանակ (1988), Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների միության (ASCAP) մրցանակ (1989), Հարվարդի երաժշտական ընկերության «Լավագույն կատարման մրցանակ»:

1997-ին ՀՀ մշակույթի նախարարության հրավերով ստանձնելով վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ Ղարաբեկյանը կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդեց խմբի գործունեությանը: Ղարաբեկյան-գլխավոր դիրիժորի ջանքերի շնորհիվ կամերային նվագախումբը դարձավ հանրապետության առաջատար երաժշտախմբերից մեկը՝ ծավալելով աննախադեպ եռանդուն համերգային գործունեություն. բազում ելույթներ ու հյուրախաղեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մշտապես նորացվող նվագացանկ՝ դասական կամերային երկերից մինչև 20-րդ դար, արգենտինյան տանգոյից մինչև հայ ավանդական գործիքներով հնչող գործեր, բազմաթիվ ձայնագրություններ ու նկարահանումներ։          

Դասական երաժշտության համերգներին զուգահեռ Ղարաբեկյանն իր հետ բերեց ելույթների նոր ձևաչափ՝ բացօթյա համերգներ Երևանում և հեռավոր մարզերում, երաժշտական տարբեր նախագծեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ:

Արդի երաժշտության զարգացման ու խթանման նպատակով Արամ Ղարաբեկյանն ու  ՀՊԿՆ-ն պատվիրել ու կատարել  են ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 40 նոր գործ, այդ թվում նաև՝  նվագախմբի համար գրված ստեղծագործություններ հայ ավանդական նվագարանների ներգրավմամբ՝ դուդուկ,  զուռնա, շվի, քամանչա: Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակել է իր երաժշտակատարողական գործունեությունը ամերիկյան մայրցամաքում:

Դիրիժորը հանկարծամահ է եղել 2014-ի հունվարի 10-ին։ 

Հայերեն

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում