ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը:
Այս համատեքստում Վահան Կոստանյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված երկու երկրների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը, որի մասին է վկայում նաև Հայաստանի կողմից COP29-ի հյուրընկալման հայտի հետքաշումը:
Ըստ աղբյուրի՝ ընդգծելով մարդու իրավունքների առաջնային լինելու հանգամանքը՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կլիմայի և անվտանգության երկխոսությանը:
Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային այլ հարցերի՝ շեշտելով հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դրական օրակարգի կարևորությունը: