Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերիդիան էքսպո կենտրոն»-ում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցկացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը». ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող՝ Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր տեսլականը՝ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրի վերաբերյալ: Նա նշել է, որ Հայաստանում կան շատ մեծ ու փոքր ընկերություններ, որոնք հաջողակ ստարտափներ են եղել: Ուստի, պետք է մտածել շարունակաբար նոր գործիքներ, նոր փորձաքննություններ, նոր մշակույթ և աշխատելաոճ կիրառել ոլորտի էկոհամակարգի զարգացմանը նպաստելու համար:

Ըստ աղբյուրի՝ Ալֆրեդո Գոմեսն իր հերթին ներկայացրել է, թե ինչ կտա ծրագրի մասնակցությունը ստարտափներին. աջակցություն՝ գնահատելու համար իրենց կարիքները, զարգացնելու համար բիզնես հմտությունները, կայանալու և շուկա մուտք գործելու համար, մի շարք այլ հնարավորություններ:

«Մենք կտրամադրենք բոլոր ռեսուրսները՝ ծրագրում ընդգրկված հայկական ստարտափներին հաջորդ փուլ տեղափոխելու համար` աշխատելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքների համար»,- ընդգծել է Ալֆրեդո Գոմես Սորիան:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ու Ալֆրեդո Գոմեսը պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին, նաև` մեկ անգամ ևս տեղեկացրել, որ ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 7-ը։

Plug and Play- ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափները, կորպորացիաները և ներդրողներին՝ խթանելու համար տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին՝ մենթորության, ֆինանսավորման և ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնել գործունեության աշխարհագրությունը և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

Plug and Play- ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Visa-ն, Roche-ն, Jaguar Land Rover-ը, Walmart-ը, Mercedes-Benz-ը, Volvo-ն, Porsche-ն, Nissan-ը:

Plug and Play -ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ:

Հայերեն Русский