Գիտություն

«Գիտության շաբաթ»-ի մասնակիցների համոզմամբ՝ այն գիտակրթական ծրագրերի գործնական դրսևորումը տեսնելու հնարավորություն է

6 րոպեի ընթերցում

«Գիտության շաբաթ»-ի մասնակիցների համոզմամբ՝ այն գիտակրթական ծրագրերի գործնական դրսևորումը տեսնելու հնարավորություն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի և մարզերի ընդգրկմամբ շարունակվող «Գիտության շաբաթ» փառատոնի մասնակից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Ղուկասյանը միջոցառումը կարևորում է այն հանգամանքով, որ տաղավարների ու բանախոսությունների այցելուները ոչ միայն ծանոթանում են գիտակրթական ծրագրերին, այլ նաև դրանց կիրառման հնարավորություններին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը հավելեց, որ միջոցառումներին ներկայացողներն ականատես են լինում գիտակրթական ծրագրերի գործնական դրսևորումներին՝ տարբեր փորձերի, փորձարկումների, հետազոտությունների արդյունքների, ինչը, նրա համոզմամբ, կարող է առաջին քայլը հանդիսանալ՝ մտածելու գիտության ուղղությամբ գնալու մասին՝ պատկերացում կազմելով ապագա աշխատանքի, իրականացվելիք նախագծերի մասին:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը 20 տարի շարունակ Հայաստանում իրականացնում է կրթական, գիտական ծրագրեր, և նման ձևաչափով հանդիպումները հետաքրքիր են՝ ևս մեկ անգամ շփվելու համար հնարավոր շահառուների հետ, ներկայացնելու ծրագրեր ու ներգրավելու դրանց:

«Գիտության շաբաթ»-ին ներկայանում ենք ինչպես աշխատարանով, այնպես էլ ունենք տաղավար, որտեղ ներկայացնում ենք մեր ծրագրերն ու այն բոլոր պլատֆորմները, որոնք կարող են հետաքրքրել: Նմանատիպ միջոցառմանը մասնակցությունը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այն շատ երիտասարդների համար կարող է խթան հանդիսանալ, որպեսզի մտածեն իրենց կրթությունը շարունակել գիտության տարբեր ոլորտներում: Շատ էին նաև մարզերից ներկայացուցիչները՝ երեխաներ, դպրոցականներ, և շատ կարևոր էր նաև իրենց ներկայացնել բոլոր կրթական ծրագրերը, որ մենք կարող ենք առաջարկել բարձր տեխնոլոգիաների, գիտության ոլորտներում»,- հավելեց Ղուկասյանը:

Հայկական բժշկական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ցիկլի ղեկավար, դասախոս Նաիրա Աթոյանը փառատոնի առաջին իսկ օրվանից շարունակում է կազմակերպել բուհի ուսանողների այցերն Ազատության հրապարակում տարբեր թեմաներին համահունչ ձևավորված տաղավարներ:

«Այս ամենը հետաքրքիր է նախ՝ գիտության նկատմամբ ուսանողների մեջ սեր արթնացնելու տեսանկյունից, միևնույն ժամանակ, որպեսզի բացահայտեն իրենց նախընտրած մասնագիտությունն այն առումով, թե արդյոք իրենց մասնագիտությունը գիտության ասպարեզում վերելք է ապրում, ինչ առաջխաղացում կա Հայաստանում այս ոլորտում և ինչ բացահայտումներ կարող են լինել:

Բացի այդ, այսպիսով ուսանողները կկարողանան տեսնել միջառարկայական կապերը. ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության մեծ ուժը բժշկության զարգացման գործում»,-ասաց դասախոսը՝ կարևորելով գիտությանը նվիրված նման փառատոների շարունակականությունը՝ գիտության նկատմամբ հետաքրքրության և ուշադրության կայացման տեսանկյունից:

Գիտության փառատոնի մասնակից Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս, փորձագետ Անի Չախոյանը կարևորեց Գիտության շաբաթի անցկացումը՝ նշելով, որ այն ցույց է տալիս, որ Հայաստանում գիտությունը գործում է և տալիս է իր պտուղները: Բացի այդ՝ այսպիսով կարողանում ենք նաև դիմորդների ներգրավել, որովհետև շատերն, առհասարակ, ֆակուլտետի, գործունեության մասին տեղյակ չեն: Տվյալ պահին ներկայացնում ենք որոշակի դեղեր, ինչպես նաև դրանց որակի վերահսկման ձևերը: Դպրոցականներին բավականին հետաքրքիր է:Կարևոր է նաև, որ դպրոցականների, դիմորդներ ենք կարողանում այսպես ներգրավել»,-նշեց Չախոյանը:

Հոկտեմբերի 1-ից մեկնարկած Գիտության փառատոնի երկրորդ փուլի թեման «Մասնագիտական կողմնորոշում․Ապագա գիտնականներ» խորագիրն էր կրում, որին մասնակցում են գիտական ինստիտուտներ, ճարտարագիտական հենքով ուսուցում կազմակերպող հաստատություններ:

Ամփոփելով թեմայի շուրջ երկօրյա միջոցառումների արդյունքները՝ «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը նշեց, որ մասնակցում էին ոչ միայն գիտակրթական ինստիտուտները, այլ նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են, մասնավորապես, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որոնք գործում են ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:

«Այստեղ է նաև մեր գործընկերը՝ PMI Science R&D կենտրոնը, որը շատ կարևոր դեր ունի, քանի որ նպաստում է Հայաստանում գիտական էկոհամակարգի , գիտակարգերի զարգացմանը, օրինակ՝ քիմիայի, նյութաբանության և այլն։

Մենք այսօր նաև դասախոսություններ ենք ունենալու կենսաինֆորմատիկայի՝ որպես ապագայում շատ մեծ պոտենցիալ ու զարգացում ունեցող մասնագիտության, և ապագայում դրա կարևորության, օպտիկայի, ֆիզիկայի, ավտոնոմ համակարգերի ու ռոբոտների մասին։ Բանախոսները մրցունակ երիտասարդ գիտնականներ են, որոնք իրենց շուրջ ստեղծում են լրջագույն էկոհամակարգ, իրենց գիտելիքներով զարգացնում  կրթությունը, պատրաստում ապագա մասնագետներ, որոնք ուժեղ  գիտնական դառնալու ներուժ են ունենալու և միջազգայնորեն տեսանելի գիտությամբ են զբաղվելու»,- ընդհանրացրեց Մարգարյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում