Տնտեսություն

ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի ներմուծման փորձը

3 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը կանխել է  անօրինական ճանապարհով ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի ներմուծման փորձը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում  հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ 

«Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների  մաքսային սպասարկման և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը: 

Մաքսային զննման և տեսազննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր: Մաքսային ծառայողները, մասնավորաբար, հայտնաբերել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված պոլիէթիլենային 4 տոպրակ՝ 72 գրամ  քաշով։ Հայտնաբերվել են նաև ադամանդների համար նախատեսված հավաստագրեր և սերտիֆիկատի էլեկտրոնային կրիչ, 6 հատ հաշիվ-ապրանքագիր,  ադամանդե քարերի 16 գնապիտակ, ռոդիումի  խտանյութի սրվակ, ոսկերչության մեջ կիրառվող գործիքներ: Պարզվել է, որ քաղաքացին փորձել է ներմուծել  նաև զմրուխտանման, ամետիստանման, ցիտրինանման մարգարտանման և սաֆիրանման քարեր:  Անձի մաքսային զննման արդյունքում նրա տաբատի գրպանից էլ հայտնաբերվել է 21 կտոր  դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր` թևնոցներ, վզնոց և մատանի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան (14.01.2021թ. թիվ 35-Ն) որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: 

Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում