Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ փոխնախարարը հեռուստաընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առկա խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ փոխնախարարը հեռուստաընկերությունների ղեկավարների հետ  քննարկել է ոլորտի առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն ընդունել է մայրաքաղաքային, հանրապետական և մարզային ծածկույթ ապահովող հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի Ինդուստրիալ կոմիտեի (ԻԿ) ղեկավարներին և ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա օրենսդրական, քաղաքական, անվտանգության, հանրային մուլտիպլեքսի  և առնչվող այլ թեմաների հետ կապված իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների տեսանկյունից խոչընդոտում են ընկերությունների արդյունավետ գործունեությունն ու մրցակցությունը:

Քննարկվել են նաև պայմանագրերի վերանայման, հեռարձակման ծավալի և որակի, գնագոյացման և տեխնիկական հարցերով պայմանավորված խնդիրներ:

Նախարարի տեղակալը լսել է հանդիպման ներկաների առաջարկություններն ու մտահոգությունները։ Քննարկվել են նաև փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հնչեցված խնդիրներին լուծում տալու պատրաստակամության սկզբունքով:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀՌՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն  Նարեկ Ադամյանը, տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և «Արմենիա TV», «Շանթ TV», «5-րդ ալիք TV», «Բուն TV», «Ֆորտունա TV», «Ցայգ TV», «Մեդիա TV» հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում