Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի կառավարությունը հաստատեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով ավելացնելու մասին որոշման նախագիծը, որով ակնկալվում է կյանքի կոչել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 3-ի նիստում, ներկայացնելով  որոշման նախագիծը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը պարզաբանեց, որ նախագծի անհրաժեշտությունը ծագել է 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։

«Քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսած քրեական վարույթներով։ Ի տարբերություն հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդումների՝ մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից։ Հետևաբար, մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է և քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Մասնավոր մեղադրանքով վարույթը գործողության մեջ դնելու համար պետք է նշանակվեն այն իրականացնելու իրավասություն ունեցող դատավորներ, ինչը ենթադրում է քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքների ավելացում»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ որոշման հիմքում են ընկած նաև 2021-2023 թվականների վիճակագրական տվյալները, որոնց համաձայն Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որոնցից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի, 633-ը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից։ Ըստ փոխնախարարի՝ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում այդ հոդվածով սահմանված հանցագործություններով քննչական կոմիտեում նախաձեռնվել է  12 հազար 965 վարույթ։ 

«Ստացվում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերով տարեկան նախաձեռնվել է 7408 վարույթ, իսկ 7634 վարույթի ընթացք դեռևս լուծված չէ։ Այս տվյալների համադրությամբ ակնհայտ է դառնում, որ մինչդատական վարույթի ծանրաբեռնվածությունը տեղափոխվելու է դատական վարույթներ, ուստի առաջացել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով լրացնելու անհրաժեշտություն»,-մանրամասնեց փոխնախարարը՝ հավելելով, որ դրանով փաստացի կգործարկվի 2021 թվականին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլուխը, որը մինչ այսօր չի գործել, ինչպես նաև կապահովվի մասնավոր մեղադրանքով վարույթի հոդվածների կիրառությունը։

Հայերեն

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին

Հայաստանը, գուցե, մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին. Փաշինյան

Հայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. Փաշինյան