Բարձր տեխնոլոգիաներ

Մասնագիտական հայրենադարձություն․ «Ներուժ 5.0» ծրագրով հաղթող է ճանաչվել 6 ստարտափ

5 րոպեի ընթերցում

Մասնագիտական հայրենադարձություն․ «Ներուժ 5.0» ծրագրով հաղթող է ճանաչվել 6 ստարտափ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագիրը տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Մասնակցել է 28 ստարտափ` 16 երկրից, հաղթող է ճանաչվել՝ 6-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ նախագիծը մեծ հետաքրքրություն է ներկայացրել։  

«Նախնական փուլում մենք ստացել էինք 20 երկրից 64 հայտ, առաջնային գնահատումից հետո ընտրվել էր 28 ստարտափ 16 երկրից։ Նրանց հրավիրել էինք մասնակցելու ամփոփիչ միջոցառմանը և եզրափակիչ մրցույթին։ Գնահատող ժյուրիի կողմից առաջարկները բավական մանրամասն դիտարկելուց հետո ընտրվեցին լավագույն 6-ը՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» բաղադրիչներով»,-ասաց Հայկ Ենգիբարյանը։ 

«Գաղափարի փուլ» բաղադրիչով առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել «MetaCor» ստարտափը (մրցանակ՝ 15 միլիոն դրամ), որը զբաղվում է արյան անոթների, զարկերակների և այլ սնամեջ օրգանների համար նոր տեսակի ստենտի մշակմամբ, 2-րդը՝ «Sharper Soft»-ն է (մրցանակ՝ 10 միլիոն դրամ), որը տրամադրում է ծրագրակազմ՝ օգնելով կազմակերպություններին տվյալները վերածել գիտելիքների, 3-րդը՝ «Ayki»-ին (մրցանակ՝ 5 միլիոն դրամ), որը թվային գործիք է ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը բարձրացնելու համար:

«Աճի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «AnzoBio» ստարտափը (մրցանակ՝ 30 միլիոն դրամ), որը իրականացնում է անհատականացված բուժում և ախտորոշում հազվագյուտ գենետիկական հիվանդության համար, 2-րդը՝ «Moby»-ն է (մրցանակ՝ 20 միլիոն դրամ), որը տրամադրում է ակնթարթային 24/7 արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների սպասարկում, 3-րդը՝ «Sleep Doctor»-ը (մրցանակ՝ 10 միլիոն դրամ) բժիշկների և հիվանդների համար նախատեսված ծրագիր է, որն առաջարկում է նոր լուծումներ քնի խանգարումների խնդիրների ախտորոշումների առնչությամբ։  

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարբինյանը նշեց, որ ստացված ստարտափները ամենատարբեր ոլորտներից էին և հեռանկարային առումով հետաքրքիր լուծումներ էին առաջարկում։ 

«Այս տարի ստարտափերի կարողությունների զարգացման նպատակով ներգրավվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play» կազմակերպությունը։ Այն իր մենթորական թիմով դասընթացների և անհատական մենթորության ձևաչափով ծրագրի վեցօրյա միջոցառման ընթացքում ակտիվ աշխատանքներ է տարել ստարտափերի հետ։ Բավական լավ աշխատանք տարվեց ստարտափերի թիմերի հետ, ինչը թույլ տվեց ձևափոխել և  ավելի լավարկել նախագծերը»,-ասաց Ռեմ Դարբինյանը։  

«Ներուժ 5.0» ծրագրի հաղթողներից է Թաթուլ Աջամյանը՝ իր «Sleep Doctor» նախագծով։ Նա նշեց, որ ծրագրի անցկացումը մեծ հնարավորություններ է տալիս ստարտափերի թիմերին։ Ֆինանսական միջոցներից զատ, մասնակիցները հնարավորություն են ունենում նոր կապեր հաստատել, մասնագիտական ցանց ձևավորել, նոր բան սովորել։ 

«Հատկապես շատ կարևոր է գաղափարը ճիշտ ներկայացնելը։ Դու կարող ես ունենալ լավ գաղափար, սակայն չկարողանաս լավ ներկայացնել։ Ահա այս ծրագրի շրջանակում ձեռք ենք բերում համապատասխան հմտություններ, որը թույլ է տալիս բարելավել մեր հմտությունները տարբեր ուղղություններով։ Մյուս կողմից սա լավ հնարավորություն է հայրենիքում աշխատելու տեսանկյունից»,-ասաց Թաթուլ Աջամյանը։ 

Հաղթող ընկերություններն առաջիկայում պետք է ՀՀ-ում գրանցեն իրենց ընկերությունները, այնուհետև դրամաշնորհային պայմանագրեր են կնքելու նախարարության հետ, որպեսզի ստանան նախատեսված գումարները։ 

«Ներուժ»-ը պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում