Գինառատ իրադարձություն՝ Վայոց ձորում. տեղի կունենա «Արենի գինու փառատոն»-ը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն 16-րդ անգամ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվում է ավանդական դարձած «Արենի գինու փառատոն»-ը։ Երկու տարվա դադարից հետո «Արենի գինու փառատոն»-ը վերադառնում է ու հանդես է գալիս հագեցած ծրագրով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն հիմնադրամ»-ի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնն այս անգամ անցկացվում է «Ազգերը հանուն խաղաղության» խորագրի ներքո՝ ներգրավելով Հայաստանում գտնվող ազգային փոքրամասնություններին։

«Միջոցառումը հիանալի հնարավորություն է տարբեր ազգերի մշակութային բազմազանությանը ծանոթանալու համար՝ վայելելով գինու բազմազան տեսակներն ու Արենի գյուղի բնությունը։ Եզդիները, ասորիները, ուկրաինացիները, բելառուսները և մյուս ազգային փոքրամասնությունները երգ ու պարով, տարազով կներկայացնեն իրենց մշակույթը։ Փառատոնի մեկնարկը տրվելու է հենց իրենց մասնակցությամբ»,-ասաց Նունե Մանուկյանը։ 

Միջոցառումը սկսվելու է գինեգործության խորհուրդ հանդիսացող խաղողի ճզմման արարողությամբ։ Գինեգործության բնօրրանը միավորելու է գինեգործներին, գինու սիրահարներին։ Փառատոնին ներկայացված են լինելու ինչպես տնայնագործական, այնպես էլ արտադրական գինեգործների գինիները։ 

«Սկզբնական շրջանում շատ քիչ մասնակիցներով էինք ներկայանում, 4 կամ 5 գինեգործ կար։ Այսօր արդեն 20-ից ավելի գինեգործ ներկայացնելու է իր արտադրանքը։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մասնակցել ցանկացողները շատ են, պարզապես մեր տարածքի հնարավորությունները թույլ չեն տալիս, որ մեծ թվով մարդկանց ներգրավենք, այդ  պատճառով հիմնականում ընդունել ենք Վայոց ձորի գինի արտադրողներին։ Ասեմ, որ ժամանակին համայնքի բնակիչները պատրաստ չէին մասնակցելու, ներկայանալի լինելու, իսկ ահա այժմ պատկերը բոլորովին այլ է»,-ասաց Նունե Մանուկյանը։ 

Կայացած ու այցեքարտ դարձած «Արենի գինու փառատոն»-ն իր մեծ ազդեցությունն է թողել համայնքային կյանքում։ Արենի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նորայր Գրիգորյանը նկատեց, որ մի շարք ուղղություններով նկատելի արդյունքներ ունեն։

«Երբ որևէ միջոցառում կայուն, ամեն տարի անցկացվում է, համայնքի ճանաչելիությունը բարձրացվում է, զբոսաշրջիկների հոսք է ապահովվում տարվա ընթացքում, ապա տեղի իշխանությունները պարտավորված են լինում բարելավել պայմանները։ Այս տարիներին փառատոնն իր ազդեցությունն է ունեցել ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։ Այսօր Արենի գյուղը վերածվել է մեծ շինհրապարակի, լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են, կառուցվում են կոյուղագծեր, ջրագծեր, բարելավում է գազամատակարարումը։ Երբ նոր էինք սկսում անցկացնել այս փառատոնն, այն ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել հյուրատուն, գաստրոբակ ունենալու մասին։ Այսօր Արենիում գործում է 20-ից ավելի հյուրատուն, 5 գաստրոբակ, ավելանում է խաղողի այգիների, գինի արտադրողների թիվը»,-ասաց Նորայր Գրիգորյանը։

Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ իրադարձային զբոսաշրջության զարգացման գործում մեծ ներդրում ունի «Արենի գինու փառատոն»-ը։ Այն նաև հայկական գինեգործության վերածննդի հիմնական խթաններից է։ Մեխակ Ապրեսյանը ընդգծեց ևս մի կարևոր հանգամանք։ 

«Ցավոք, դեռևս տարածաշրջանում անկայուն իրավիճակով պայմանավորված, մեզ համար նպատակային շուկա հանդիսացող մի շարք երկրներում Հայաստանը կարմիր սահմանագծերով է ներկայացվում։ Այսինքն, դիտարկվում է ոչ բավարար անվտանգ։ Այս փառատոնները հատուկ այնպիսի ազդեցիկ գործոն ու գործիք են, որոնք գալիս են հակառակն ապացուցելու»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ 

Հոկտեմբերի 5-ին ժամը 11։00-ին կտրվի փառատոնի մեկնարկը։ Միջոցառումները շարունակվելու են մինչև երեկոյան ժամը 20։00-ն։ 

Մեխակ Ապրեսյան, Նունե Մանուկյան, Նորայր Գրիգորյան

Մեխակ Ապրեսյան

Մեխակ Ապրեսյան, Նունե Մանուկյան

Նունե Մանուկյան

Նորայր Գրիգորյան

 

Հայերեն