Հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ ընտրություններն արտացոլում են ժողովրդի իրական կամքը. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը: Միջոցառմանը  մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը քննարկման ընթացքում ելույթ է ունեցել՝ մանրամասնելով, թե ժողովրդավարությունն ինչ է տվել Հայաստանին 2018 թվականի հեղափոխությունից հետո, որը թավշյա, ժողովրդավարական և խաղաղ հեղափոխություն էր։ 

«Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը։ Սա մի խնդիր է, որն արդեն լուծված է, ու ես համոզված եմ, որ այլևս չկա հետ ճանապարհ դեպի կասկածելի ընտրություններ։ 

Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է, այն է, որ ժողովրդավարությունն ազատ տնտեսական գործունեության հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց։ Մինչև հեղափոխությունը մենք Հայաստանում ունեինք մենաշնորհներ և սահմանափակումներ որոշ տնտեսական գործունեությունների համար։ Հիմա արդեն այս հարցը նույնպես լուծված է։ Ժողովրդավարության կարևորագույն արդյունքներից մեկն այն է, որ այժմ հասարակությունը հնարավորություն ունի հարցեր բարձրացնել, վերանայել կարծրատիպեր և քննարկել անցյալը, ներկան և ապագան։ Կարծում եմ` սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այն փաստը, որ Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, դա նույնպես ժողովրդավարության արդյունք է, և շատ կարևոր է, որպեսզի այս օրակարգը հաջողությամբ պսակվի։ 

Հաջորդ արդյունքը գուցե կրկին ավանդական հայացքների վերանայման մասին է։ Դա հասարակությունում կանանց դերի մասին է։ Վստահաբար ներկայումս կանայք մեր երկրում ավելի ակտիվ են ու ներգրավված, ու մեր ժողովուրդն ու հասարակությունն ընկալում են, որ դա մեր երկրի սոցիալ, տնտեսական ու քաղաքական զարգացման կարևոր կոմպոնենտ է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կանանց խրախուսում ենք, որ իրենք լինեն ավելի ակտիվ։ Նրանց արձագանքն այնքան էլ ակտիվ չէ, որքան մենք կուզենայինք, բայց պրոցեսը մեկնարկել է և որևէ կասկած չկա, որ մենք կունենանք իրական փոխոխություններ։ Դա կլինի մեր կանանց, ինչու չէ նաև տղամարդկանց համար, ընդհանրապես մեր հասարակության համար ժողովրդավարության իրական արդյունք»,- ելույթը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Español Français