Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն արձանագրել են՝ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարևոր ուղղություններով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն արձանագրել են՝ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարևոր ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ օրակարգ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային թեմաներ։ 

«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե’ անմիջականորեն երկկողմ, թե’ ԵՄ հարթակում, և սա, իհարկե, ՀՀ-ին ավելի է մոտեցնում Եվրոպական միությանը, մենք ուսումնասիրում ենք համագործակցության նոր հեռանկարներ,» - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Երկուստեք արձանագրվել է, որ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարևոր ուղղություններով՝ արտացոլվելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում։ 

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին։ 

Հարավային Կովկասում անվտանգության  իրավիճակի համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն, որի իրացման համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, որը Հայաստանն իր կողմից հստակ արտահայտել է։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում