Առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձ անողները վերականգնել են պետությանը հասցված 135 մլն 815 հազար 763 դրամի վնաս

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135 մլն 815 հազար 763 ՀՀ դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը:

«Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊ ընկերության կողմից անցյալ տարվա փետրվարին տարանցման հայտարարագրով հայտարարագրվել է Հայաստանի տարածքից 20 հազար 620 կգ բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ՝ հատուկ հարմարեցված, ապրանքների հայտնաբերումը դժվարացնելու համար, որոնցում, բացի հայտարարագրված խաղողից, հայտնաբերվել են մաքսային հսկողության ներքո գտնվող, մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303 հազար 500 տուփ՝ 6 մլն 70 հազար հատ ծխախոտ։

Հետազոտմամբ պարզվել է արտադրող ՍՊ ընկերությունը, իսկ դրանց մի մասի վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշների նմանվող, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող դրոշմանիշներ չհանդիսացող պիտակներ։

Պարզվել է, որ հիշյալ ՍՊ ընկերության կողմից նշված ծխախոտները Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրս գրման, իսկ «Ջ.» ՍՊ ընկերությունը ստանձնել է դրանց արտահանումը։

Նախաքննության տվյալներով՝ ՍՊ ընկերության կողմից հիշյալ ծխախոտներն առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113 մլն 274 հազար 448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով` 24 մլն 409 հազար 648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով` 88 մլն 864,800 հազար ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում առգրավվել և զննվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտները, խուզարկություններ են կատարվել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներն արտադրող ընկերության գործունեության, դրա պատասխանատու անձանց բնակության և ծխախոտների ապօրինի արտահանումը ստանձնած անձանց բնակության հասցեներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշների և առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտների իրացման հանգամանքը, որի արդյունքում ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135 մլն 815 հազար 763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։

Նախաքննությունը շարունակվում է:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով