Ադրբեջան

Կլիմայի փոփոխության գագաթնաժողով արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է բռնատիրական պետությունում․ Human Rights Watch

3 րոպեի ընթերցում

Կլիմայի փոփոխության գագաթնաժողով արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է բռնատիրական պետությունում․ Human Rights Watch

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը անցկացվում է բռնատիրական պետությունում, որը խստորեն սահմանափակում է խոսքի ազատությունը և իր քաղաքացիների խաղաղ հավաքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության  հրապարակած հոդվածում՝ հիշեցնելով, որ հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ն՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Հոդվածում ընդգծվում է, որ կառավարությունները, որոնք մասնակցում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա գագաթնաժողովին (COP29), պետք է կատարեն մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտավորությունները, ինչը նաև ներառում է հանածո վառելիքից հեռացում՝ արդարացի, ժամանակային և իրավունքները հարգող եղանակով:

«Սա երրորդ տարին անընդմեջ է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը տեղի է ունենում բռնատիրական պետությունում, որը խստորեն սահմանափակում է խոսքի ազատությունը և խաղաղ հավաքները», - նշել է Human Rights Watch-ի բնապահպանական ավագ փաստաբան Միրտո Տիլիանակին՝ հավելելով, որ Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է պատրաստ լինեն հստակ ուղերձ հղել, որ կլիմայական արդար և հավակնոտ գործողությունները պահանջում են անկախ ձայների նշանակալի մասնակցություն:

Human Rights Watch-ը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ունի ավտորիտար իշխանություն, որը չի հանդուրժում այլախոհությունը և վերջին ամիսներին ճնշում է անկախ լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին: Կամայականորեն ձերբակալվածների թվում է մի ակտիվիստը, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, քննադատում է Ադրբեջանի նավթի և գազի հատվածը և մարդու իրավունքների պաշտպան է։

«Անկախ ակտիվիզմի նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամանքը մտահոգություն է առաջացնում այն ​​մասին, թե արդյոք քաղաքացիական հասարակության խմբերը կկարողանան նշանակալի մասնակցություն ունենալ COP29-ին, և որքանո՞վ Ադրբեջանում բնապահպանական ակտիվություն տեղի կունենա համաժողովից հետո», - նշված է Human Rights Watch-ի հրապարակման մեջ: 

Վերջինիս փոխանցմամբ՝ 2022 թվականին Ադրբեջանի պետական ​​բյուջեի 52 տոկոսը և արտահանումից ստացված եկամուտների մոտ 90 տոկոսը կազմել են նավթից և գազից ստացված եկամուտները։ 

Human Rights Watch-ը հիշեցրել է, որ ապրիլին կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է գազի արդյունահանումը ընդլայնելու պլանների մասին՝ հիմնականում ի պատասխան Եվրամիության շուկայի պահանջների: 

«Կառավարությունները չպետք է Ադրբեջանին թույլ տան օգտագործել իր դիրքը որպես COP29 հյուրընկալող՝ շարունակել հանածո վառելիքի ընդլայնումը և խաթարել կլիմայական ճգնաժամին դիմակայելու ու մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը», - ասել է Տիլիանակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում