Ասիա

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը՝ հիմնվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կարճ ժամանակահատվածում գրանցած զգալի հաջողությունների վրա: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»։

Ազգային տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ արքայազն Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին: 

« Ձերդ Արքայական Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր այս կարճ ժամանակահատվածում երկկողմ փոխգործակցության տարբեր բնագավառներում գրանցված շոշափելի առաջընթացը: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել ընդլայնել Հայաստան–Սաուդյան Արաբիա երկկողմ օրակարգը՝ զարգացնելով համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում», -նշված է ուղերձում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում