Անկախ, ինքնիշխան, ազատ ՀՀ-ում գնահատվելու են արժանիները. նախագահի նստավայրում Անկախության տոնի առթիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը՝ մանրամասնելով, որ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով:
Նախագահը, շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, նշել է, որ հայ ժողովրդի համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, հայրենիքի ու պետության ձևն ու բնույթն ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակն ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է:
«Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակության վիճակ է, ամենաօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ, և այս ամենի հանրագումարում՝ պատասխանատվության բարձրագույն գիտակցում», - իր խոսքում նշել է նախագահը՝ սրտանց շնորհավորելով նաև իր կողմից պետական բարձր պարգևներ ստացածներին:
Նա ցանկություն է հայտնել ընդգծել, որ պետական պարգևներ շնորհելը միայն արարողակարգային միջոցառում չէ, այլ իր մեջ կարևոր խորհրդանշական իմաստ ունի:
«Այս պարգևները նվազագույնն են, որոնցով պետությունն արժանին է մատուցում ձեր աշխատանքի, ձեր ծառայության և գործունեության համար», - վստահություն հայտնելով, որ յուրաքանչյուրի համար սիրած գործով զբաղվելը, աշխատանքում կատարելագործվելու հնարավորությունն ամենամեծ պարգևն է:
Նրա դիտարկմամբ՝ պետության, իշխանության պարտքն է գնահատել այդ աշխատանքը, ոգևորել և, իհարկե, ոգևորվել, ինչը նույպես շատ կարևոր է, քանի որ մարդկանց նվիրումը, հաջողությունը բոլորի և առաջին հերթին Հայաստանի հաջողությունն է:
«Սա է մեզ միավորում, որովհետև մեր երկրի հաջողությունը պայմանավորված է գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, պրոֆեսիոնալ զինվորականի, ոստիկանի, գյուղատնտեսի ու շինարարի աշխատանքով:
Անկասկած անկախ, ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները, պետությունը պարգևատրելու է նրանց, և նաև պահանջելու բոլորիցս՝ լինել պատասխանատու, մշտապես կրթվող ու կատարելագործվող: Այս պարզ բանաձևն է երաշխավորելու մեր երկրի առաջընթացը, հզորացումն ու զարգացումը», - ընդգծել է Վահագն Խաչատուրյանը՝ կրկին շնորհավորելով բոլորին Հայաստանի Հանրապետության 33-ամյակի կապակցությամբ և մաղթելով քաջառողջություն, անձնական երջանկություն և Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն և բարգավաճում: