Քաղաքականություն

Փաշինյանն ու Ռոթը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Ռոթը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից:  

Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ:  

Միխայել Ռոթը շեշտել է Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ ակտիվ և սերտ համագործակցության փաստը՝ հավելելով, որ այդ փոխգործակցությունը ծավալվում է նաև միջազգային հարթակներում: 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումը և ժողովրդավարական բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը կրելու են հետևողական բնույթ: 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Վերոնշյալ թեմաների շուրջ վարչապետը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային, միջազգային  նշանակության այլ հարցերի շուրջ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում