ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատում է, որ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն կա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նման համոզմունք հայտնեց Վրաստանում իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարությունների ժամանակ:
«Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը»,–ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ: Վարչապետը բարձր գնահատեց նաև Վրաստանի կառավարության ջանքերը՝ իր ներդրումն ունենալ և իր վարած քաղաքականությամբ նույնպես նպաստել տարածաշրջանում և միջազգային կայունության և խաղաղության հաստատմանը:
Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց:
«Կարծում եմ՝ տեղյակ եք, որ շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:
Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր կառավարության առաջնահերթություններից մեկը»,–ասաց նա: