Մշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանը հարուստ կլինի անակնկալներով

6 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանը հարուստ կլինի անակնկալներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 99-րդ համերգաշրջանը կմեկնարկի Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Փառատոնի այս տարվա գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Հարոլդ Քլարքսոնը: Բացումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, փակումը՝ հոկտեմբերի 30-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հյուրերն են լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, անվանի երաժիշտներ Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Ինգո Մեցմախերը (դիրիժոր), Իլյիչ Ռիվասը (դիրիժոր) և այլք:

Փառատոնի հանդիսավոր բացմանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա անվանի ջութակահարուհի Արաբելլա Շտայնբախերը: Նա կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհնչի նաև Սմետանայի «Վլտավա»-ն՝ «Իմ հայրենիք» սիմֆոնիկ պոեմից և Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը:

«Երջանիկ եմ կրկին հանդես գալ Երևանում։ Վերադարձել եմ՝ Բեթհովենի Ջութակի կոնցերտը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի և Էդուարդ Թոփչյանի հետ կատարելու: Այսօր մեր առաջին հանդիպումն էր, փորձը, որն առաջին իսկ նոտաներից ընթացավ շատ հարմոնիկ, հրաշալի, գեղեցիկ հնչողությամբ: Բեթհովենի կոնցերտը ջութակահարների համար «սրբազան» ստեղծագործություն է, այն բավականին մեծ գործ է, կարծես մի մարդու ողջ կյանքն ամփոփի, հագեցած է լայնաշունչ երաժշտական գծերով, հատկապես առաջին բաժնում, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը կարծես հրեշտակների երգչախումբ լինի մենակատարի ետևում, այն աստվածային հնչողություն ունի, իսկ երրորդ մասն ավելի պարային է և վիրտուոզ՝ համեմված Ֆրից Կրայսլերի կադենցիաներով: Այս կոնցերտն ուղղակի գլուխգործոց է, այն շատ մոտ է իմ սրտին»,- նշում է Արաբելլա Շտայնբախերը։

Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ արդեն 16 տարի է՝ համերգաշրջանը բացում են Երևանյան միջազգային երաժշտական փառատոնով: 

«Փառատոնին հրավիրված գրեթե բոլոր արտիստները բացառիկ մեծություններ են: Բացմանը ելույթ կունենա աշխարհի լավագույն ջութակահարներից Արաբելլա Շտայբախերը, փառատոնի աստղերից է Պլասիդո Դոմինգոն, որը մենահամերգ կունենա մեզ հետ, սպասվում է համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Ինգո Մեցմախերի համերգը Ֆիլհարմոնիկի հետ: Սեպտեմբերի 19-23-ը հյուրախաղերով կմեկնենք Սլովակիա և Ավստրիա: Սլովակիայում շատ անվանի նվագախմբերի հետ մասնակցելու ենք «Բրատիսլավայի երաժշտական փառատոն»-ին, իսկ Ավստրիայի Կլագենֆուրտի Մյուզիքֆեռայնում, որը կարևորագույն դահլիճներից է, հանդես ենք գալու Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով, որտեղ կկատարենք Բրուքների 9-րդ սիմֆոնիան: Չափազանց պատվաբեր է հայկական նվագախմբի համար այն, որ ավստրիացիները մեզ են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտեք, Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են: Շատ ուրախ ենք և մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ համերգներին: Վստահ եմ, այսօր էլ Արաբելլա Շտայնբախերի հետ համերգը բարձր մակարդակով կանցնի, շատ լավ ենք պատրաստված: Սիրով հրավիրում եմ մեր քաղաքի բոլոր իսկական երաժշտասերներին»,-շեշտում է Էդուարդ Թոփչյանը:

Հարոլդ Քլարքսոնը մեծագույն հաճույքով է համագործակցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես խորհրդատու, արտիստ մենեջեր և այս տարվա փառատոնի համագեղարվեստական ղեկավար։ Ըստ նրա՝ նվագախումբը շատ բարձր մակարդակի վրա է, և Հայաստանն էլ ունի դասական երաժշտության շատ լավ ավանդույթներ:

«Ցանկացած արտիստ, ով առաջին անգամ է գալիս Երևան և համագործակցում այս նվագախմբի հետ, հաճելիորեն զարմանում է վերջինիս բարձր մակարդակով և երաժշտության նկատմամբ մոտեցմամբ: Ես մեծ ցանկություն ունեմ իմ փորձն ու կապերը ծառայեցնել արտասահմանում այս հրաշալի նվագախմբի ավելի մեծ ճանաչմանը: Այս տարվա փառատոնին հրավիրված են շատ հայտնի արտիստներ, երաժիշտներ, որոնք առաջին անգամ են գալու Հայաստան: Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Չեխիան Հայաստանի պես փոքր երկիր է: Հայաստանն օրինակ է, թե ինչպես փոքր երկիրը կարող է ուժեղ լինել իր մշակույթով և իր կարևոր տեղը զբաղեցնել միջազգային մշակութային քարտեզի վրա»,-ընդգծում է Քլարքսոնը:

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին բացի սիմֆոնիկ մեծակտավ ծրագրերից կհնչի նաև կամերային երաժշտություն՝ հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս» լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Ծրագրված են մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, տեղի կունենան նաև հրավիրյալ երաժիշտների վարպետության դասեր:

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում